Play Video
Թեմա 2. Մեգաէկոնոմիկա. մաս 2. Հրանտ Բագրատյան

Միկրոէկոնոմիկան և մակրոէկոնոմիկան սկսվում են հավասարակշռության տեսությամբ, այսինքն ինչպես է պահանջարկը հավասարակշռում առաջարկին, ինչպես է ձևավորվում գինը, դրանից կախված ուսումնասիրում է էլաստիկությունը, ապա՝ արտադրությունը, ապա սպառումը: Մակրոտնտեսագիտության մեջ ուսումնասիրվում են մակրոտնտեսական չափորոշիչները,կայունացնողները, միկրոէկոնոմիկայում կատարվում է գործունային վերլուծություն, և երկու տեսության մեջ էլ ամեն ինչ ավարտվում է եկամուտների բաշխումով:

Ինչպե՞ս կարող է լինել հավասարակշռություն մեգաէկոնոմիկայում: Վերցնենք սովորական ընտանիքը: Դուք աշխատավարձ եք ստանում, փողը տուն եք տանում, բաշխում եք այդ փողը օրերի մեջ, ծախսում եք այնպես, որ այն հերիքի մինչև մյուս աշխատավարձ: Մեգաէկոնոմիկայում խնդիրը փոքր ինչ այլ է: Պատկերացրեք, որ ոչ միայն դուք եք, այլ ձեր շենքի ամբողջ մի շքամուտքը: Եթե այդ շքամուտքում ապրում է գոնե երեսունից ավելի ընտանիք, ապա գոնե ամեն մի ընտանիքում մի օր աշխատավարձի օր է, այդ մի օրը այդ ընտանիքը կարող է ծախսել: Առաջանում է այլ պատկեր, որ դուք՝ որպես շքամուտք, ամեն օր եք աշխատավարձ ստանում, և ծախսվում է շքամուտքում ապրող մեկի աշխատավարձը բոլորի կարիքների վրա: Սա մեծացնում է ձեր հնարավորությունները, ստեղծում է ավելի ճկուն համակարգ, ինչը ավելի բարձր հավասարակշռության ձև է: Եթե ձեր պարագայում դուք հավասարակշռությանայլ հիմնակետ չունեք, ձեր աշխատավարձը ամեն ամսվա 15-ն է, ապա, եթե հայտնվել են, օր.՝ սեզոնային մրգեր, դուք, միևնույն է, պետք է սպասեք ձեր աշխատավարձը ստանալուն, հակառակ պարագայում դուք պարտավորված չեք սպասել ձեր աշխատավարձը ստանալուն, որովհետև կարող եք փոքր ինչ օգտվել ձեր հարևանի աշխատավարձից, իսկ ահա ձեր աշխատավարձը կարող եք բաժանել հարևանների միջև: Սա ռեզերվ է:

Ինչու արտադրությունը չի բարձրանում մեկ երկրի տարածքում: Հզորությունը սպառվել է, պետք է նոր գործարան կառուցել: Մեգաէկոնոմիկան այս խնդիրը լուծում է: Հայաստանում հզորությունը սպառված է, Վրաստանում կա, Ռուսաստանում կա: Այսինքն նույն հարևանի պատմությունն է, և եթե բոլոր երկրները իրար դիտարկում են որպես երկրներ, որոնք գտնվում են համագործակցության մեջ (համագործակցության այդպիսի միավոր է, օր.՝ առևտրի համաշխարհային կազմակերպությունը, որտեղ բոլորը պարտավորվել են արհեստական սահմանափակումներ չկիրառել), հետևապես մեգաէկոնոմիկայում հայտնվում է համագործակցության մեկ այլ որակի մակարդակ, որը էականորեն փոխում է հիմնական հասկացությունը:

Դիտեք նաև՝

Search