Տնտեսական անվտանգությունը սահմանելիս նախ պետք է հստակեցնել, թե ով է դրա սուբյեկտը։ Դա կարող է լինել պետությունը, առանձին տնտեսությունը (ընկերությունը կամ կորպորացիան), ընտանիքը, անհատը։ Անհատի դեպքում հիմնականում խոսքը գնում է տնտեսական և այն իրավունքների պաշտպանության մասին, որոնք վերաբերում են մարդու եկամուտներին, կենսամակարդակին և սոցիալական ապահովությանը։ Պետական մակարդակում արդեն գործ ունենք կոլեկտիվ իրավունքների, կոլեկտիվ անվտանգության և դրանց սպառնացող ռիսկերի կանխատեսման և կառավարման հետ։
Տնտեսության մեջ ռիսկեր գնահատելիս պետք է մի քանի ոլորտ առանձնացել՝
- մակրոտնտեսություն՝ մրցունակության ապահովում,
- ֆինանսներ՝ գների և փոխարժեքի կայունության ապահովում,
- էներգետիկա՝ էներգապաշարների կառավարելի հոսք,
- ժողովրդագրություն՝ աշխատունակ տարիքում գտնվող մարդկանց որոշակի քանակ,
- գյուղատնտեսություն՝ բնակչության ապահովում պարենային ապրանքներով,
- սոցիալական ոլորտ՝ գործազրկության ցածր մակարդակ,
- շուկայի անվտանգություն՝ տեղական արտադրության ապրանքների գերակայություն։
Տնտեսական անվտանգության ապահովման տեսանկյունից շատ կարևոր է անվտանգության և զարգացման միջև հավասարակշռություն պահպանել։