Խորհրդային միությունը կամ սոցիալիստական համակարգը փլուզվեց իր անմրցունակության պատճառով։ Այժմ 1917-1991 թվականներին ձևավորված հասարակական, քաղաքական, տնտեսական հարաբերություններին ամբողջական գնահատական տալու խնդիր կա։ Մինչև 1960 թվականը ընդունված կարգ էր գաղութային համակարգը, ստրկությունը և, առհասարակ, մարդու իրավունքների ոտնահարումը։ 1917 թվականին գաղափարական առումով մի փոքր լույս երևաց մարդկանց համար, որն էր՝ ստեղծել պետություն, որտեղ մարդիկ ունեն հավասար հնարավորություններ և հարաբերություններ։
Սոցիալիզմից ազատական շուկայական հարաբերություններ անցում կատարելու գործընթացը համեմատաբար թեթև ընթացավ սոցիալիստական ճամբարի երկրների համար, քանի որ այդ երկրները 70 տարի ապրել էին համակարգի գաղափարախոսության, տնտեսական և քաղաքական հարաբերությունների շրջանակում։ Խորհրդային միությունը, որի ձևավորումը սկսվել էր 1917 թվականին, հետագայում դարձավ խիստ ավտորիտար կառավարվող համակարգ, որտեղ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, տնտեսական կամ քաղաքական ազատությունը շատ պայմանական էին։
1970-80-ականներից Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցավ տրանսֆորմացիա․ եթե մինչ այդ խրախուսվում էր քիմիական արդյունաբերությունը, ճշգրիտ մեքենաշինությունը և սարքաշինությունը դարձան դոմինանտ։ Հայաստանում կար մարդկային հզոր պոտենցիալ, որը առաջնային տեղ էր գրավում ԽՍՀՄ-ում։ Հայաստանում մի սկզբունք ընդունված էր օրենքով և ամրագրված սահմանադրության մեջ, սակայն իրական կյանքում գործում էր մեկ այլ սկզբունք։ 2000-ականներին կոռուպցիան դարձել էր համակարգը կապող գործոն, հետևաբար, մենք չկարողացանք ձևավորել այն քաղաքական համակարգը, որը ցանկանում էինք։ Հուսանք, որ մի օր չավարտված տրանսֆորմացիան կդառնա իրականացված տրանսֆորմացիա։