Play Video
Տղամարդկանց էմանսիպացիա | Մխիթար Գաբրիելյան

Ժամանակակից սոցիալական և քաղաքական գիտություններն «Էմանսիպացիա» եզրույթն օգտագործում են «ազատգրում» իմաստով․ իրավական բովանդակությամբ այս հասկացությունն այսօր ստանում է սոցիալ-մշակութային իմաստ՝ կանանց, փոքրամասնությունների, երեխաների էմանսիպացիա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում ներառված է անչափահասի էմանսիպացիայի մասին հոդվածը, որն անչափահասին 16 տարեկանից ճանաչում է գործունակ։

1920-30թթ․ Խորհրդային միությունը գնում էր էմանսիպացիայի ճանապարհով․ էմանսիպացվում էր կինը, տղամարդը, ընտանիքը։ Հատկապես այդ շրջանի ազգագրական գրականության մեջ կարելի է տասնյակ հոդվածներ գտնել, որոնցում նկարագրվում է կանանց և տղամարդկանց ազատագրումը։ Էմանսիպացիան՝ որպես թե՛ ընդհանրական, թե՛ ոլորտային գործընթաց, ԽՍՀՄ-ում ընկալվում էր որպես էպոխալ, սոցիալ-մշակութային շատ որոշակի բովանդակությամբ մի երևույթ։

Խորհրդային էմանսիպացիան հետաքրքիր իմաստ ուներ․ այն լուծում էր քաղաքական խնդիր՝ հիմնավորում էր խորհրդային պետությունում շարունակվող ստրկական շահագործումը։ Էմանսիպացիան շահագործվողին ընձեռնում էր ավելի լավ պայմաններում ապրելու՝ քաղաք տեղափոխվելու, կրթություն և աշխատանք ստանալու, գյուղ չվերադառնալու հնարավորություն։ Տղամարդու համար այդ սոցիալիստական էմանսիպացիան ձեռնտու էր։ Մարքսիզմը ենթադրում էր, որ գոյություն ունեն գաղափարախոսությունն և դրա տնտեսական բազան։ Գաղափարախոսությունը տղամարդուն ազատագրում էր ընտանիքի հետ կապված կապվածություններից ու պարտավորոթյուններից, տնտեսական հնարավորություններ էր ընձեռնում և հող էր նախապատրաստում խորհրդային ժողովրդի ձևավորման համար։

Ժամանակակից հայաստանյան հասարակությունում տղամարադու էմանսիպացիան հասկանալու բանալիները հենց խորհրդային անցյալում են։ Եթե փորձում ենք դիտարկել անկախ Հայաստանում տղամարդու էմանսիպացիայի շուրջ հարցերն ու խնդիրները, ի վերջո, մտնում ենք թվերի և փաստերի դաշտ։ 1940թթ․ Մեծ հայրենական պատերազմը տարավ տղամարդկանց մի ամբողջ սերունդ, որին հետևեց հետպատերազմյան ժողովրդագրական կտրուկ աճը։ 1940-60թթ․ այս սերունդը դարձավ անկախությունը կերտողը․ այն մասամբ էմանսիպացված էր, ապահովված էր բնակարաններով ու աշխատանքով, հավասար հնարավորությունների դաշտում էին, և գաղափարախոսական էմանսիպացիան կոմպենսացվում էր նաև որոշակի բազայով՝ աշխատանք, ինքնիրացում, սոցիալական շարժունություն և այլն։ Խորհրդային համակարգը կարողացել էր նաև լուծել տղամարդու էմանսիպացիայի մի այլ խնդիր․ ծնողների մասին հոգ տանելու անհրաժեշտությունը վերանում էր բարձր կենսաթոշակների շնորհիվ։ Խորհրդային էմանսիպացիան հետաքրքիր մոդել էր․ այն ազատագրում էր ավանդական հասարակությունից և բերում էր նոր, խորհրդային ավանդույթ, էմանսիպացված միջավայր, ինչի հետևանքով նահանջում էր հասարակության մեջ կուտակվող ագրեսիան։

1990թթ․ տեղի ունեցավ էմանսիպացված հասարակարգի փլուզում։ Ագրեսիայի նվազեցումը հնարավոր էր միայն սեփական «եսը» հիմնավորելու երաշխիքներ․ գաղափարապես ազատագրված տղամարդն այլևս չուներ իր այդ կարգավիճակը սոցիալական, տնտեսական և այլ կարգավիճակներով փոխարինելու հնարավորություն։ Միջանձնային և միջխմբային հարաբերությունները կարգավորող համակարգերը փլուզվեցին, քանի որ փլուզվեց դրանց տնտեսական հիմքը, և գաղափարը մնաց առանց բազա։ Տեղի ունեցավ, մի կողմից, ագրեսիայի վերականգնում և աճ, և մյուս կողմից՝ ընտանիքներում տեղի ունեցավ հավասարակշռում՝ եկամուտների ձևավորման, պլանավորման և որոշումների ընդունման տեսակետից։ Երրորդն էմանսիպացված տղամարդու փախուստն էր՝ խոպանը․ տղամարդը գնում էր տնտեսական հիմքն ապահովելու համար։ Այս գործընթացները ցույց տվեցին, որ անկախության շրջանում իրական էմանսիպացիա տեղի չունեցավ․ Խորհրդային մոդելը վերարտադրվեց՝ նոր իրավիճակում առաջ բերելով իռացիոնալ ավանդական և իռացիոնալ ազգային վարքագծերը։

Էմանսիպացված տղամարդը՝ որպես տեսակ, գոյություն ուներ խորհրդային հասարակարգում։ Այսօր նա գաղափարային կոնստրուկտ է, որը դրական է գնահատվում հասարակական տարբեր ինստիտուտների կողմից, սակայն, նրան անհրաժեշտ բազան՝ կրթությունը, իրավական համակարգը, կոռուպցիայից զերծ և ժողովրդավարական հասարակությունը, դեռևս չկա։ Արյդունքում մենք ունենք իմիտացիոն էմանսիպացիա, ագրեսիայի վտանգավոր աճ, ազգայինի և ավանդականի փաթեթավորմամբ ներկայացվող իռացիոնալ արժեհամակարգ, և դեռևս չունենք իրապես ազատագրված միջավայրի խորքային և բովանդակային ընկալում։

Դիտեք նաև՝

Search