Միգրանտները ներգրավվում են ընդունող երկրում իրենց հայրենակիցների ցանցում և նրանց օգնությամբ ու միջնորդությամբ են հաղորդակցվում ընդունող հասարակության հետ: Համայնքը կարող է աջակցություն ցուցաբերել՝ տեղեկություններ տրամադրելով, սակայն, ցանցի սկզբունքով գործող համայնքը պարփակվում է: Էթնիկ խմբերը սոցիալական, մշակութային, ֆիզիկական տարածությոն են հարթում, սակայն, այդ գործընթացում էական դեր է խաղում ոչ միայն էթնիկական պատկանելությունը, ալև տարատեսակ այլ ազդակներ, օրինակ՝ անշարժ գույքի արժեքը: Որոշ միգրանտներ միանշանակ չեն վերաբերվում համայնքային ցանցի «կլանող» հատկություններից, թեև այն «կոմֆորտի գոտի» է ստեղծում նրանց համար. միգրանտը հայտնվում է հարթված տարածքում, որտեղ բանակցային գործընթացը կորցնում է իր իմաստը: Երբ միգրանտը հայտնվում է տվյալ երկրում արդեն հաստատված իր հայրենակիցների խմբում, նա, այնուամենայնիվ, անհատական բանակցային գործընթացի մեջ է մտնում հենց այդ խմբի հետ:
Համայնքը որոշակի ճանաչելիություն է ապահովում միգրանտի մշակույթի համար մինչև միգրանտի՝ տվյալ երկրում հայտնվելը: Միգրանտը, մեկնելով այդ երկիր, սոցիալական և ֆինանսական առումով ավելի քիչ է դժվարություններ ունենում, սակայն, նրա մշակույթի ճանաչելիությունը նվազեցնում է միգրանտի ինքնուրույն ներկայացման հնարավորությունները: