Play Video
Անհավասարության դիսկուրսը և աղքատության հաղթահարման հիմնախնդիրը Հայաստանում | Աղասի Թադևոսյան

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում աղքատության գծից ներքև է ապրում յուրաքանչյուր երեք բնակչից մեկը: Ոչ պաշտոնական տվյալներով աղքատությունը ավելի մեծ թիվ է կազմում: Չնայած այն բանին, որ 2004 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել են աղքատության կրճատմանն ուղղված պետական տարբեր ծրագրեր, 2008 թ. համեմատ աղքատությունը ոչ միայն չի նվազել, այլ հակառակը, աճել է:
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ընդամենը մի քանի ամիս առաջ լրագրողների առջև մի սենսացիոն հայտարարություն արեց, ըստ որի աղքատության վիճակագրական պատկերը Հայաստանում իրականում ուռճացված է: Աղքատ համարվող բնակչության մի զգալի մասը իրականում ապրում է բարվոք: Իսկ սպառողական ապրանքների գների թանկացման հետ կապված նա նկատեց, որ թանկանում են որակյալ ու սննդարար սննդի տեսակներ, և դա չի կարող ազդել աղքատների իրավիճակի վրա, քանի որ միևնույն է նրանք որակյալ սնունդ չեն օգտագործում: Այս կարծիքը խիստ քննադատվեց և գնահատվեց որպես ցինիզմ: Իշխող ՀՀԿ կուսացությունը փոխանակ ակնհայտորեն գոյություն ունեցող և տարիներ շարունակ վերարտադրվող աղքատության հիմնախնդրի լուծմանն ուղղված քաղաքականություն իրականացնելուն, փորձում է իր ներկայացուցչի միջոցով «մեղմել» աղքատության պատկերը՝ մեղքը աղքատների վրա բարդելով:
Անցած տարի իմ իրականացրած որակական հետազոտական տվյալները թույլ են տալիս ասել, որ Հայաստանում աղքատության ոլորտի քաղաքականության ձախողման հիմքում ընկած գլխավոր պատճառներից մեկը աղքատության ու անհավասարության իշխող դիսկուրսներն են: Դրանք «վերևներից» հաջողությամբ իջեցվում են «ներքևներ» և ձևավորում աղքատ խավերի միջավայրում բողոքի տրամադրությունները թուլացնող աղքատության «նորմալիզացման» դիսկուրսներ: Այդ դիսկուրսները կապված են երեք հիմնական թեմաների հետ՝ «աղքատությունը նորմալ համարելու», «աղքատներն իրենք են մեղավոր իրենց աղքատության համար», «աղքատ լինելն ամոթ է»:
Ստացվում է այնպես, որ հասարակության մեջ բավական մեծ դեր են խաղում ինչպես աղքատության «նորմալացման», այնպես էլ հարուստ վերնախավերի կողմից աղքատություն ձևավորող պրակտիկաների «նորմալացման» դիսկուրսները, որոնք նպաստավոր դաշտ են ստեղծում կառավարության աղքատության ոլորտում վարվող պոպուլիստական քաղաքականությունը հանրայնորեն ընդունելի դարձնելուն:
Ներկայացվող զեկույցում կքննարկվեն աղքատության վերարտադրությանը նպաստող դիսկուրսները, դրանց իշխանական ու դասակարգային բնույթը և բացասական ազդեցությունը աղքատության ոլորտում վարվող քաղաքականության վրա:

Անգլերեն տարբերակը՝

Դիտեք նաև՝

Search