Միգրացիայի կապակցությամբ «էմիգրացիա» և «իմիգրացիա» եզրերի օգտագործումը երբեմն շփոթմունք է առաջացնում: Էմիգրացիան դեպի դուրս է ուղղված (մեկնում երկրից), իսկ իմիգրացիան՝ դեպի ներս (ժամանում երկիր): Գիտության մեջ օգտագործվող այս աբստրակտ տերմիններին փոխարինելու են գալիս տարբեր մշակույթներին բնորոշ այլ եզրեր. Հայաստանում այդպիսին են «խոպանչի», «խոպանչիություն» եզրերը, որոնք վերաբերում են Հայաստանից մեկնող արտագնա աշխատողներին: Հայերեն «Արտագաղթ» (գաղթ, ներգաղթ) եզրը, լինելով էմիգրացիայի բարացի թարգմանություն, այնուամենայնիվ, հստակ չէ բնորոշում այն. կարևոր դեր են խաղում մշակութային, էմոցիոնալ երանգները՝ կապված բառագործածության հետ: Հայկական համատեքստում արտագաղթի հասկացության շուրջ բացասական իմաստների ամբողջություն է ձևավորվել, մինչդեռ «էմիգրացիա» եզրի գործածումը հիմնականում մասնագիտական տեքստերում է հանդիպում:
Միգրացիայի ուսումնասիրություններում տարբերակվում են ներքին և արտաքին միգրացիաները, որոնք, համապատասխանաբար, նշանակում են երկրի ներսում և դրա սահմաններից դուրս կատարվող միգրացիոն գորընթացները: Օգտագործվում է նաև կամավոր և բռնի տեղաշարժերի տիպաբանությունը. պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան տեղաշարժերի այդ տեսակների: Տիպաբանության մի այլ տեսակ է միգրացիայի՝ ըստ նպատակի դասակարգումը, որում կարելի է առանձնացնել կրթությունը, առողջական խնդիրները, աշխատանքը և այլն: Աշխատանքային միգրանտների խումբն ամենատարածվածն է: Տարբերակում են օրինական և ապօրինի միգրացիաները, որոնցից առաջինը համապատասխանում է տվյալ երկրի միգրացիոն քաղաքականությանը, իսկ երկրորդը հարաբերվում է էթիկական և քաղաքական դաշտերի հետ. «անօրինական» եզրը պիտիակավորում դիտարկելը և դրա շուրջ ծագած գիտական վեճերը մի շարք հարցեր առաջացրին՝ կապված այդ եզրի օգտագործման կոռեկտության հետ: Կարևոր մի այլ եզր է «շրջանառու միգրացիան» է (circular migration): Այն սահմանում է աշխատանքային միգրացիայի մի մոդել, որում միգրանտները գալիս են աշխատանքի, այնուհետև վերադառնում իրենց երկիրը և նորից գալիս:
Միգրացիոն ուսումնասիրությունների կարևորագույն եզրերից է սփյուռքը (diaspora): Սփյուռքը մարդկանց այն խումբն է, որոնք ունեն ընդհանուր ինքնության վերաբերյալ պատկերացում, բայց սփռված են աշխարհի տարբեր մասերով: Որոշ գիտնականների պնդմամբ, սփյուռք եզրը կիրառելի է մարդկանց այն խմբերի վերաբերյալ, որոնք, արհավիրքի միջով անցնելով, կորցրել են հայրենիքը: Diaspora եզրն այսօր օգտագործվում է նաև տարօրինակված (queered) սփյուռքերի վերաբերյալ՝ LGBTE և այլ համայնքների. այս պարագայում փորձ է արվում «սփյուռք» եզրը ընդլայնել զուտ էթնիկ ինքնության հասկացությունից: