Միգրացիայի մասին հեշտ է մեծ ծավալի տեղեկություններ գտնել: Ամենապարզ սահմանմամբ, միգրացիան մի երկիրը լքելն է մյուս երկրում բնակվելու համար (լատիներեն migrare՝ մի վայրը փոխել մյուսի, տեղափոխվել): Այնուամենայնիվ, միգրացիոն փորձառության միջով անցած մարդկանց վկայություններից երևում է, որ բազմաթիվ հարցեր չեն տեղավորվում ընդունված սահմանումներում: Ստորև անդրադառնանք միգրացիայով անցած մարդկանց իրական փորձառության նկարագրություններին՝ վերցված գրականությունից, հուշերից, հարցազրույցներից:
Հրաժեշտ էի տալիս իմ հարազատներին, բարեկամներին և չգիտեի, որ հորս տեսնում եմ վերգին անգամ: Երկրորդ՝ սկսում էր փորձություններով հարուստ՝ փախստականի իմ կյանքը, ինքս ինձ համար ստեղծում էի կարգավիճակ, որի անունն է օտարական:
Լևոն Պապիկյան, «Ակամա գաղթականներ»
Այստեղ հեղինակն իրավիճակը սահմանում է իբրև «օտարական», սակայն դա հետահայաց մոտեցում է. ամենայն հավանականությամբ, արտասահման մեկնելիս նա պատրաստվում էր յուրային դառնալ այնտեղ:
Մենք կորցրինք մեր տունը, ասել է թե՝ առօրյա կյանքի հարազատությունը: Կորցրինք մեր աշխատանքը, ասել է թե՝ վստահությունը, որ ինչ-որ կերպ օգտակար ենք աշխարհին: Կորցրինք մեր լեզուն, ասել է թե՝ արձագանքելու բնականությունը, շարժուձևի պարզությունը, զգացմունքներն անկեղծորեն արտահայտելու կարողությունը:
Հաննա Արենդթ, «Մենք` փախստականներս»
Արենդթը մտորում է նոր երկրում աշխատանք գտնելու, հինը թողնելու, օտարության զգացողության, լեզվի պատնեշի մասին:
Ֆրանսիայում կյանքը դժվար է, և մենք պետք է զգոն լինենք յուրաքանչյուր պենիի հարցում: Ֆրանսիացիները պարզապես վաստակում և ծախսում են. նրանք երբեք ոչինչ կողք չեն դնում: Դա խելամիտ չէ: Մենք աշխատում ենք ողջ շաբաթը, իսկ շաբաթ և կիրակի օրերին մեր տնային գործերն ենք անում: Գնում ենք պատարագի, եղբայրս է հյուր գալիս: Բայց ֆրանսիացի տերտերը մեզ շատ է հանդիմանում պատարագի ժամանակ: Միշտ ասում է, որ պորտուգալացիներին միայն փող աշխատելն է հետաքրքրում: Եվ նա չի հասկանում այն մեծ ցավը, որ մենք ապրում ենք՝ ընտանիքներից հեռու լինելով:
Քերոլայն Բրետել, «Մարդաբանություն և միգրացիա»
Բրետելի մտահոգությունն է արտագնա աշխատողների կարգավիճակը, հարևան երկիր դրամ ուղարկելու անհրաժեշտությունը, փողի հանդեպ տեղացիների և միգրանտների վերաբերմունքի տարբերությունները: Երբ միգրանտը մեկնում է նոր երկիր, աշխատանք գտնելու նրա սկզբունքները կտրուկ տարբերվում են տեղացիների սկզբունքներից. աշխատանքի պրեստիժն ու հետաքրքրությունն ակտուալ չեն միգրանտի համար:
Մի անգամ ընկերոջս հետ տանը հաց էինք ուտում, թաղային ոստիկանը եկավ: Ներս հրավիրեցինք, նստեցինք: Հարց ու փորձ արեց, թե արդյոք կասկածելի բան չենք տեսել: Դե չասեցինք, որ ինչ-որ բան ենք տեսել: Բայց որ մտնում էինք մուտք, բնակարաններից մեկի դիմաց ջահել տղաներ, աղջիկներ էին հավաքված: Պարզ է, որ խմելու էին, հարբելու էին և այլ բաներ: Այսպես էլ եղավ: Այն աստիճան էին աղմկում, որ ամբողջ գիշերը չենք կարողացել քնել ու գնացել ենք ուրիշ տեղ, որ կարողանանք հանգստանալ: Բնակիչները բողոքել էին, որ խանգարում են իրենց հանգիստը: Մենք, բնականաբար, նման բան չենք անում: Մեր սովորույթներն ուրիշ են. չենք կարողանում ռուսների նման լինել: Բայց եթե ճիշտը վերցնես, այդ մարդիկ ավելի ճիշտ են: Ինչու՞ պետք է իրենք իրենց կամ ուրիշների երեխաների պատճառով չկարողանան քնել: Բնակելի շենքում ոչ մի մարդ իրավունք չունի մյուսներին խանգարել:
Հատված արտագնա աշխատողի հարցազրույցից
Հարցազրույցի այս հատվածում երևում է մշակութային տարբերությունների սրությունը, սեփական և տեղական մշակույթի համեմատությունը միգրանտի աչքերում: Միգրանտները փորձում են զուգահեռներ անցկացնել մշակույթների միջև և, որոշ դեպքերում, փորձում են վերաիմաստավորել սեփական մշակույթը:
Ես ունեի հայկական նախշերով պայուսակ, որ միշտ կրում էի, հայկական նախշերով գուլպաներ, որոնք միշտ հագնում էի, գլխարկ: Այդ էլ ինչ-որ ձև էր հագուստի միջոցով ազգայինը ցուցադրելու: Միշտ հարցնում էին` սա որտեղից է. ասում էի, որ Հայաստանից է, ձեռագործ է, այս նախշն այս է նշանակում: Իմ այդ հայկական գուլպաներն այնքան մարդու դուր եկան, որ ես մամային խնդրեցի քսան զույգ առավ, ուղարկեց, ես բաժանեցի մարդկանց: Ու նրանք մինչև հիմա ինձ գրում են, թե ինչքան են հավանում այդ գուլպաները: Ու դրանց միջոցով հնարավորություն էր ստացվում ինչ-որ տեղ խոսել քո մշակույթից:
Հատված հարցազրույցից
Միգրանտ աղջիկը փորձում է իր ազգային ինքնությունը ներկայացնել, սակայն «խմբագրում», «թարգմանում» է այն: Նա ընտրում է «ազգային» համարվող նշանները՝ այլ երկրում ցուցադրելու համար: Միգրանտը փորձում է որոշակի անկյան տակ ներկայացնել իր առանձնահատկությունը, սուբյեկտիվությունը:
Եվ իմ սիրտը դեռ տարակուսում է
Արդյոք գնա, թե մնա,
Արդյոք մնա, թե գնա,
Կամ, արդյոք արդեն գնացել է, թե մնացել է
Կամ արդյոք արդմեն մնացել է, թե գնացել է,
Այս ախտը վաղուց է սկիզբ առել,
Խեղճ սիրտս միշտ մազից կախված վիճակում է:
Աբդելմալեք Սայադ, Ալժիրցի երգչի երգը
Բանաստեղծության մեջ արտահայտված մեկնել-չմեկնելու տարակուսանքը և կասկածը, թե որտեղ են նրանք վերջիվերջո, բնորոշ են միգրանտների կարգավիճակին: Տասնյակ տարիներ արտասահմանում ապրելով և բնակարան գնելով հայրենիքում՝ նրանք ակնկալում են վերադառնալ:
Միգրացիայի թեման տարբեր հարթություններում ու ֆորմատներում է քննարկվում: Երևույթը բազմաշերտ է, և անգամ դրա սահմանման հարցում տարբեր մոտեցումներ են հնարավոր: Ձևակերպումը կարող է լինել ոչ միայն տեղափոխությունից բխող, այլև, օրինակ, «տեղափոխության հետևանքով կյանքի առանցքների կենտրոնների փոփոխություն» (Ինգրիդ Օսվալդ): Միգրացիոն ուսումնասիրությունները միջդիսցիպլինար ոլորտ են, դրանցով զբաղվում են պատմաբանները, քաղաքագետները, հոգեբանները, վիճակագրագետները և այլոք: