Play Video
Միգրացիայի անհատական և ընտանեկան փորձառություն. Նարե Գալստյան | Լիլիթ Մնացականյան

Միգրացիայի անհատական և ընտանեկան փորձառության մասին խոսելիս կարևոր է քննարկել միգրացիայի հոգեբանական ազդեցությունը միգրանտ ընտանիքների վրա: Միգրացիան ընտանիքի կյանքում որպես կանոն բեկումնային իրադարձություն է և հոգեբանական իմաստով չի կարող չեզոք լինել: Ելույթի ընթացքում քննարկվող դեպքը վերցված է Ֆրանսիայում ապաստան հայցող հայերի հետ կատարված հոգեբանական ուսումնասիրության կլինիկական նյութից:
Ընտանիքը, որի մասին խոսվում է, բաղկացած է չորս հոգուց՝ ծնողներից ու երկու զավակից: Ծնողները մոտ 60 տարեկան են ու Հայաստանից տեղափոխվել են Ֆրանսիա մոտ 8 տարի առաջ: Ընտանիքի՝ Ֆրանսիա տեղափոխվելու հիմնական նպատակը մոր առողջական խնդիրները լուծելն էր: Խնդիրը լուծելուց հետո ընտանիքն այլևս չվերադարձավ Հայաստան, և այդպես, առանց որևէ կարգավիճակի, տարիներ շարունակ ապրեց Ֆրանսիայում:
Այս ընտանիքն ընտրվեց ուսումնասիրության համար տիպական գծի պատճառով՝ նրանք բավական փակ կենցաղ ու կենսակերպ էին վարում ու շատ զգուշորեն էին վերաբերվում այն բոլոր մշակութային տարրերին, որոնք ներթափանցում էին իրենց ընտանիք ֆրանսիական մշակույթից:
Ընտանիքի հիմնական շփումն այն հայկական ընտանիքների հետ էր, որոնք նույնպես շատ չէին փոխվել ու ազդվել ֆրանսիական մշակույթից: Այսպես, նրանք փորձում էին ամեն կերպ պահպանել Հայաստանից բերված մշակութային պաշարը՝ զերծ պահելով այն այլ մշակույթների ազդեցությունից ու համարելով դրանք վտանգ, սպառնալիք իրենց ընտանիքի համար:
Այս ընտանիքի դեպքը վերլուծելիս բանախոսը հիմնականում օգտվել է ֆրանսիացի հոգեբան Դիդյե Անզիոյի (Didier Anzieu) հոգեկան «թաղանթների» կամ «ծրարների» տեսությունից: Այս դեպքում «թաղանթը» բարուրի մետաֆորն է: Հիմնական մեկնաբանությունն այն է, որ կան թաղանթներ, որոնք պաշտպանում են մարդու հոգեկանն ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան մակարդակում: Այս թսղանթների մեջ կարող է լինել հենց ընտանիքը՝ որպես ապահովություն ստեղծող շերտ: Գոյություն ունեն նաև մշակութային, լեզվական, կրոնական, հասարակական նորմերի շերտեր, ինչպես նաև պետության, ազգի, հանրույթի զգացողությունը. այս ամենը շերտեր են, որոնք պաշտպանում են սուբյեկտի հոգեկանը:
Արտագաղթի կոնտեքստում այս շերտերն, այսպես ասած, «պատռվում» են արտագաղթի ակտով, որովհետև երբ ընտանիքը մեկնում է իր սովորական մշակութային միջավայրից, այն դուրս է գալիս այս բոլոր շերտերից ու հայտնվում անորոշության, անկանխատեսելիության, անպաշտպանության իրավիճակում: Ուստի, մինչև նոր մշակութային թաղանթների ձևավորումն ընտանիքը մնում է անպատշպանության ու սպառնալիքի զգացման ապրումների մեջ: Այս պատճառով ներընտանեկան կյանքում փորձ է արվում պահպանել արդեն եղած մշակութային «թաղանթը» ու կանխվում որևէ օտարածին մշակութային տարրի ներթափանցումը: Այսպիսով ընտանիքը դառնում է ինքն իր թաղանթն ու ամրացնում իր պաշտպանական ֆունկցիան:


Ընտանիքի ուսումնասիրությունները սոցիոլոգիայում բավական մեծ զարգացում են ապրել վերջին տասնամյակների ընթացքում: Ուշադրության կենտրոնում են հայտնվել այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են, օրինակ, ընտանիքի բնույթը, համայնքային, անհատական հատկանիշները: Սոցիոլոգիական գրականության մեջ ընտանիքը դադարել է դիտվել որպես մեկ պետությունում ապրող միավոր, և ընտանիքի տրանսնացիոնալ միավորները սկսել են կարևոր դեր կատարել ուսումնասիրության մեջ:
Այս գործընթացները պայմանավորված են նաև նրանով, որ արևմուտքում միգրացիոն ռեժիմները գնալով խստանում են, ինչի պատճառով ընտանիքի միասնական միգրացիան ավելի բարդ է դառնում: Ավելի տարածված մոդել է ընտանիքի անդամներից մեկի միգրացիան, ինչին հետևում է նաև մյուսների մեկնումը:
Մեթոդաբանական առումով սա որոշակի խնդիրներ ու մարտահրավերներ է առաջացնում նա հետազոտողների համար: Նախ, տրանսնացիոնալ ընտանիքների հետազոտությունները հիմնականում կենտրոնանում են կամ ընդունող, կամ ուղարկող երկրների վրա. քիչ են հետազոտությունները, որոնք բալանսավորված մոտեցում են ցուցաբերում և ուսումնասիրում թե՛ ընդունող, թե՛ ուղարկող երկրների հետ կապված հարցերն ու խնդիրները: Այսպես, տարբեր երկրներում հետազոտություն անցկացնողների միջև երկխոսության պակասը կամ բացակայությունը ևս բացասաբար է անդրադառնում ուսումնասիրությունների ընթացքի, արդյունքի ու որակի վրա:
Եվս մեկ խնդիր է այն, որ հետազոտողները դիտարկում են որոշակի երևույթներ ու վերագրում դա միայն միգրացիային: Այս դեպքում մույնպես պակասում են հետազոտություններն այն մասին, թե արդյո՞ք նույն վարքը դիտարկվում է ոչ միգրանտ ընտանիքների շրջանում: Օրինակ, տարանջատված ընտանիքների վերլուծության հետ կապված ամենատարածված եզրակացություններից մեկն այն է, որ հոր երկարաժամկետ բացակայությունը լուրջ հետևանքներ է ունենում երեխայի սոցիալիզացիայի և ինտեգրացիայի վրա: Շատ դեպքերում անպատասխան է մնում այն հարցը, թե արդյո՞ք խնդիրը պայմանավորված է միայն միգրացիայով. որոշ ընտանիքներ, որոնք չունեն միգրանտներ արտասահմանում, նույնպես բախվում են երեխաների դաստիարակության գործընթացում հոր դերի պակասի կամ բացակայության խնդրին:

Դիտեք նաև՝

Search