Սովետական Միության փլուզումից հետո տարածաշրջանում մի շարք ազգային պետություններ կազմավորվեցին, և առաջ եկան ազգային սահմանների, ազգայնականության, ինքնագիտակցության հարցերը: Բազմաթիվ բախումների հետևանքով մարդկային մեծ շարժեր տեղի ունեցան: Միգրացիոն բուռն գործընթացի մյուս նախադրյալն էր տնտեսական սուր ճգնաժամը: Մեկնողների հիմնական ուղղությունը Ռուսաստանն էր. էմիգրանտների ամենամեծ հոսքը Ադրբեջանից էր, Վրաստանից մեկնողների թիվը մեծ էր տոկոսային հարաբերությամբ, իսկ Հայաստանն աչքի էր ընկնում տիտղոսային ժողովրդի՝ էթնիկ հայերի ամենահզոր հոսքով: Էթնիկ փոքրամասնությունների մեծ խմբեր մեկնեցին Ռուսաստան և Արևմուտք, սակայն, նրանց հետ մեկնեցին նաև բազմաթիվ հայեր: Դեպքեր են գրանցվել, երբ միգրանտներն ընտանիքներով փաստաթղթային խախտումների միջոցով փոխում էին ազգությունը արտագաղթելու նպատակով: Էմիգրացիան խուճապահար բնույթ էր կրում:
***
Այս գործընթացները դժվար է միգրացիոն ուսումնասիրություններով բացատրել: Միգրացիայի այս տեսակը երբեմն «սթրեսով պայմանավորված» են անվանում. այն կախված է ոչ այնքան ֆինանսական կամ այլ պատճառներից, այլ վախից և անվստահությունից: Արևմուտքում ձևավորված տեսություններից կիրառելի են սոցիալական ցանցերի և սոցիալական կապիտալի տեսությունները: Բերքլիի համալսարանում աշխատող մարդաբան Ալեքսեյ Յուռչակը դեպի արևմուտք էմիգրացիայի կարևոր գործոն է համարում «երևակայական արևմուտքը» (Imaginary West): Խորհրդային Միության տարիներին ձևավորված արևմտյան քաղաքակրթության երկակի պատկեր ստեղծվեց՝ բարոյազրկված, բայց ցանկալի և մշակութայնորեն ազատական: