Հայրենադարձությունը ելքի երկիր կամ էթնիկ հայրենիք վերադառնալու գործընթացն է. երբեմն ելքի երկիրը սերունդներ անց չի դիտարկվում որպես հայրենիք:
Ծագման վայր վերադառնալու այս գործընթացը շատ պետություններ (հատկապես՝ ազգային) համարում են ներգաղթի առավել ընդունելի և խրախուսվող ձևերից մեկը: Այստեղ կա քաղաքական, ազգային ու կրոնական խնդիր. ազգային պետությունները հասարակության հոմոգենությունն ապահովելու համար կարիք ունեն վերադարձնելու իրենց էթնիկ կամ կրոնական խմբերին և խրախուսում են այդ վերադարձը:
Հայաստանում հոմոգենության խնդիրն այդքան էլ էական չէ, սակայն ներգաղթի քաղաքականության մեջ մենք ավելի հակված ենք հայրենադարձությանը, քան այլ էթնիկ խմբերի ներգրավմանը:
Պատճառներից մեկը գերզգայունությունն է անվտանգության հարցում. անվտանգության խնդիր է համարվում ոչ միայն ֆիզիկական պաշտպանվածությունը, այլ նաև ազգայինի, ինքնության ու մշակույթի պահպանումը: Այս մտայնությունը ձևավորվել է պատմական իրադարձությունների, աշխարհաքաղաքական դիրքի, հարևան երկրների հետ կոնֆլիկտների և այլ գործոնների հետևանքով: Այսպես, Հայաստանի բնակչության զգալի մասն ավելի հանդուրժող է հայերի, քան այլ էթնիկ խմբերի ներգաղթի հանդեպ:
Համենայն դեպս, հայրենադարձության խնդիրը շատ կարևոր է ժողովրդագրական խնդիրների կարգավորման, տնտեսական կապիտալի ներգրավման, մշակութային բազմազանություն մտցնելու հարցերում, ինչպես նաև կրթական, գիտական և այլ ասպարեզներում զարգացում ունենալու համար:
Ինտեգրման քաղաքականության և հայրենադարձության համատեքստում կարևոր է սիրիահայերի ինտեգրման փորձառությունը Հայաստանում. վերջին ժամանակներում սա ամենաքննարկված թեմաներից մեկն է: Կա երեք հիմնական գործոն, որոնց վրա պետք է շեշտադրումներ անել: Առաջին գործոնն այն է, որ տեղի ունեցավ սիրիահայերի մեծ ներսոսք. Հայաստան ներգաղթեց 22 հազար սիրիահայ, որոնց մի մասն արտագաղթողների տարերային խումբ էր: Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրել քանակական փոփոխություններն ու միտումները տևական ժամանակահատվածում:
Երկրորդ կարևոր գործոնը ներգաղթի շարունակական բնույթն է. սա դեռևս չընդհատվող մի գործընթաց է: Երրորդ գործոնը սիրիահայերի կարգավիճակային տարբերություններն են, և դրանք ուսումնասիրելով հնարավոր է դառնում հասկանալ գոյություն ունեցող տարբերություններն ու առանձնահատկությունները, առավելություններն ու բացթողումները: Այս մոտեցումը թույլ կտա դուրս բերել որոշակի համապարփակ քաղաքականություն յուրաքանչյուր խմբի համար՝ հստակեցված չափորոշիչներով: