Play Video

Միգրացիայի և ազգային անվտանգության թեմաները սկսել են խաչվել տարբեր երկրների համատեքստում, և այդ խաչման մասին հետազոտություններ սկսել են արվել համեմատաբար վերջերս, որովհետև միգրացիան, միշտ կապված լինելով անվտանգության հետ, մինչև 19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ մեծամասամբ եղել է նրա գործիքը: Խնդիրը սկսեց այլ դրսևորում ունենալ, երբ ամրագրվեց մարդու ազատ տեղաշարժի իրավունքը որպես այդպիսին, և միգրացիան գործիքից վերածվեց որոշ դեպքերում մարտահրավերների, որոշ դեպքերում՝ նոր հնարավորությունների: Ահաբեկչությունը դիտարկվեց որպես լրջագույն մարտահրավեր, և այդ մարտահրավերին դիմակայելու համար միգրացիոն հոսքերի կառավարումը և դրանց անվտանգության ապահովումը համարվում է կարևոր խնդիրներից մեկը: Ինչ վերաբերում է հայաստանյան համատեքստին, ապա, լինելով ավելի շատ արտագաղթ ունեցող երկիր, մեզ մոտ միգրացիա ասելով որպես կանոն մեծամասամբ հանրային խոսույթում հասկացել են հենց արտագաղթը: «Ազգային անվտանգություն» տերմինը դեռևս «չեփված» և «չմարսված» տերմին է, և այս մասին են վկայում նաև այն փաստերը, որ բազմաթիվ, նույնիսկ պաշտոնական պետական փաստաթղթերում դեռևս հստակ չէ, թե ինչպես ենք թարգմանում State security հասկացությունը՝ ազգային անվտանգություն, պարզապես անվտանգություն թե պետական անվտանգություն, և սրանից բխում են նաև այս եզրույթի տարբեր մեկնաբանությունները:

Հասկանալու համար, թե մարդու ինչ իրավունքների հետ են կարող առնչվել միգրացիոն գործընթացները, պետք է անդրադառնալ այդ գործընթացների իրավական հարթությանն իրավական տեսանկյունից: Միգրացիան բնակչության տեղաշարժն է և, բնականաբար, առաջին հերթին կապվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքի հետ: Սա հիմնարար իրավունք է, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, միջազգային իրավական փաստաթղթերում, սակայն մյուս կողմից միգրացիան (տվյալ դեպքում՝ արտաքին) ենթադրում է նաև պետական սահմանի կառավարում, մինչդեռ պետական սահմանի կառավարումը գտնվում է յուրաքանչյուր պետության սուվերենության ներքո: Այսինքն, մի դեպքում ունենք ինքնիշխանության սկզբունքը, մյուս դեպքում՝ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն անարգել կարող են մուտք գործել ՀՀ տարածք: Սա բացարձակ իրավունք է, որը որևէ կերպով չի կարող սահմանափակվել: ՀՀ տարածք ազատ մուտք գործելու իրավունք ունեն նաև օտարերկրացիներն, ովքեր երկրում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեն: Միևնույն ժամանակ, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների իրավունքը կարող է սահմանափակվել: Սահմանադրությունը մատնանշում է, թե որ դեպքերում այս իրավունքը կարող է սահմանափակվել (պետական անվտանգություն, հասարակական կարգի, բարոյականության, առողջության պաշտպանության անհրաժեշտություն, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանություն, հանցագործությունների բացահայտում և կանխում):

Դիտեք նաև՝

Search