Play Video

Միգրացիայի մասին խոսելիս կարևոր է առանձին քննարկել դրա հետևանքով տարանջատված ընտանիքների խնդիրը, քանի որ հայաստանյան դիսկուրսում անընդհատ հանդիպում ենք միգրացիայի տնտեսական ու ժողովրդագրական հետևանքներին: Ընտանիքի խնդիրը մնում է ստվերում, բայց, այնուամենայնիվ, միգրանտներն ունեն ընտանիքներ, և տարվա որոշակի մասը՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ, բացակայում են ընտանիքից, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում ընտանիքի կայունության հարցում:
Այս տեսակետից միգրանտ ունեցող ընտանիքներին անդրադառնալիս տեսնում ենք, որ նրանց կյանքը երկատված է. երկու տուն՝ հիմնական ու ժամանակավոր, տարբեր վայրերում ապրող ընտանիքի անդամներ, երկու մշակույթի խաչմերուկ, և նման այլ խնդիրներ: Այս երկատվածությունը միգրանտների սոցիալական ինքնության կարևոր տարրերից է:
Ըստ վիճակագրության, այսօր մոտ 40-50 հազար աշխատանքային միգրանտ երկարաժամկետ կամ կարճաժամկետ մեկնում է Հայաստանից այլ երկրներ՝ աշխատելու նպատակով: Այս մարդկանց ընտանիքների պատմությունները նման են իրար, բայց միաժամանակ առանձնահատուկ, որովհետև հայկական իրականության մեջ հիմնականում աշխատանքային միգրացիայի են մեկնում տղամարդիկ:
Կանանց միգրացիան հայաստանյան իրականության մեջ առանձնապես ուսումնասիրված չէ. այն համատարած բնույթ չի կրում: Կանանց միգրացիան որոշակի խնդիրներ է առաջացնում ոչ միայն մուտքի, այլ նաև ելքի երկրներում, մասնավորապես՝ հասարակության ու իրենց ընտանիքների ներսում, քանի որ հայկական իրականությունում այլ երկրներում աշխատելը դեռևս չի ընկալվում որպես այսպես կոչված «նորմալ» կամ խրախուսվող աշխատանք կանանց համար: Այլ երկրներում աշխատելու հետ կապված ռիսկերը տարածվում են ոչ միայն տվյալ կնոջ, այլ նաև նրա ընտանիքի անդամների վրա:


Փախստականությունը և ոչ կամավոր, բռնի տեղափոխությունը զգալիորեն տարբերվում են աշխատանքային միգրացիայից: Ընտանեկան խնդիրները, որոնք առաջանում են փախստականության հետևանքով, կապված են նախևառաջ կացարանի բացակայության, աշխատանքի բացակայության, մասնագիտական ոլորտի փոփոխության հետ:
Մյուս խնդիրը տեղափոխության վայրի ոչ կամավոր ընտրության և դրանով պայմանավորված սոցիալ-մշակութային միջավայրի տարբերությունն է, ծանոթ-ազգակցականների բացակայությունն ինչպես ընդունող, այնպես էլ հայրենի երկրում:
Եվս մեկ խնդիր է նախնական կապիտալի բացակայությունը, որն անդրադառնում է ընտանիքների հետագա գոյատևման և նոր համայնքներում ինտեգրման վրա:
Մեկ այլ խնդիր է տեղափոխման անպատրաստության ու սպոնտանության հետևանքով առաջացած հոգեբանական տրավմաները, որոնք մեծապես ազդում են փախստականների ներընտանեկան հարաբերությունների վրա:
Փախստականության և ոչ կամավոր, բռնի տեղափոխության հետևանքով առաջացած խնդիրներից կարևոր է նաև զանազան պետական ու ոչ պետական կառույցների հումանիտար օգնության տրամադրումը, որը նույնպես ազդում է ընտանիքների բարեկեցության ու ինտեգրման վրա:

Դիտեք նաև՝

Search