Play Video

Միգրացիայի ուսումնասիրության ոլորտում ամենաշատը քննարկվող թեմաներից մեկն է միգրացիան և զարգացումը: Թեմայի ակտուալությունը չափելու ձևերից մեկը համացանցում «միգրացիա» և «զարգացում» բառերի՝ միասին հայտնվելու հաճախականությունը պարզելն է:
1990-ական թվականներից, երբ Հայաստանը նույնպես առնչվեց միգրացիայի խնդրին և տարբեր հեղինակներ ու գիտնականներ սկսեցին ուսումնասիրել այն, փնտրող համակարգերում ակնհայտորեն աճեց «միգրացիա և զարգացում» բառերի որոնման քանակը:
Սկսած զարգացման բավական պրիմիտիվ մոդելներից մինչև միգրացիան դրա հետ կապելու բավականին բարդ և բազմաչափ երևույթներ և իմացական կառույցներ, այսօր կարելի է գրականության մեջ գտնել տարբեր տեսակի դիսկուրսներ, որոնք արտացոլվում են այդ տեքստերում: Այնուամենայնիվ, խնդիրը բաց է մնում: Խնդիրն առաջադրվել է գիտական հանրության կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս խնդրի ուսումնասիրություններում մի շատ հետաքրքիր և առանձնահատուկ կարմիր թել է անցնում, երբ մոտեցումները պարադիգմալ մակարդակով լցված են, ըստ էության, միգրացիայի վերաբերյալ լավատեսական երանգներով, որոնք պարբերաբար փոխարինվում են բացասական կամ հոռետեսական գնահատականներով անգամ իմացական մակարդակում: Այս գնահատականների համաձայն միգրացիան ոչ միայն չի բերում զարգացման, այլ նաև խորացնում է թերզարգացածությունը, հատկապես եթե միգրացիա և զարգացում տանդեմն օգտագործվում է առաքող երկրների համար:


Հայաստանն, ըստ էության, միգրացիայի հետ առնչվող երկրներից է. երկար ժամանակ միգրացիան տեղի էր ունենում երկրից արտահոսքի ձևով, իսկ վերջին շրջանում տեսնում ենք նաև ներհոսքներ: Միգրանտների մեծ խմբեր (աշխատանքային այցով ընդունող երկրներ՝ հիմնականում Ռուսաստան մեկնողներ) հայրենիքից հեռանում են 7-9 ամսով, իսկ երկարատև միգրանտներն աշխատանքային այցով մեկնում են ավելի քան երկու տարով: Երկարատև միգրանտների տրամադրվածությունն այն է, որ իրենք մի օր կվերադառնան Հայաստան, բայց նրանցից շատերը չեն վերադառնում: Կան միգրանտներ, որոնք գնացել են արտերկրում մնալու նպատակով, և կան կրթական միգրանտներ: Կարևոր է հասկանալ՝ ինչպես են միգրացիոն գործընթացներն ազդում մեր զարգացման խնդիրների վրա:
Միգրացիայի հետ կապված խնդիրները նորություն չեն մեր երկրի համար. 2009 թվականին Հայաստանում ՄԱԿ-ի տարեկան զեկույցը նվիրվեց հենց այս խնդրի քննարկմանը (թեման՝ «Միգրացիա և զարգացում»): Այս շրջանից սկսած խոսվում է՝ զարգացման որ շրջագծում պետք է քննարկվի միգրացիան Հայաստանի դեպքում: Լայն առումով երկու կոնցեպտուալ մոտեցում որդեգրվեց՝ միգրացիա և տնտեսական զարգացում ու միգրացիա և մարդկային զարգացում: Վերջին մոտեցումը թույլ է տալիս քննարկել խնդիրն ավելի լայն կոնտեքստում և հասկանալ՝ ինչպիսին է միգրացիայի ոչ միայն տնտեսական էֆեկտը, այլ նաև դրա ազդեցությունն ընդհանրապես երկրի զարգացման վրա:

Դիտեք նաև՝

Search