Պատերազմները, ներքին հակամարտությունները և հետապնդումները ուղեկցել են մարդկությանը պատմական զարգացման ողջ ժամանակահատվածում։ Մարդիկ ստիպված են եղել այս կամ այն պատճառով լքել իրենց բնակության վայրերը և փորձել ապաստան գտնել այլ երկրներում։ Այս պատճառով էլ ձևավորվել է տեղահանված և իրենց կացարանները կորցրած մարդկանց աջակցելու սովորույթ։ Աշխարհի տարբեր երկրներում շատ է կարևորվել հարկադիր միգրանտների (մասնավորապես փախստականների), ապաստան հայցողների և այլ բռնի տեղահանվածների պաշտպանության հիմնախնդիրների հետ կապված հարցերի քննարկումը։
Այս նպատակով ձևավորվել է մարդու, մասնավորապես փախստականների իրավունքների պաշտպանության ինստիտուտը դեռևս 1920-ական թվականներին, երբ գործում էր Ազգերի լիգան։ Ազգերի լիգայի շրջանակներում ստեղծվեց հատուկ ինստիտուտ՝ Փախստականների գերագույն հանձնակատարի ինստիտուտը (գերագույն հանձնակատար նշանակվեց Ֆրիտյոֆ Նանսենը)։ Վերջինս այդ ժամանակ աջակցություն էր ցուցաբերում տեղահանված և պաշտպանության ու աջակցության կարիք ունեցող անձանց։ Ֆրիտյոֆ Նանսենը պատմության համար նաև մեկ այլ կարևոր ինստիտուտ է ներմուծել՝ ճամփորդական փաստաթուղթը, որը գործում է նաև այսօր և տրամադրվում է փախստականներին՝ որպես կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։ Այն ժամանակ փաստաթուղթն անվանում էին «նանսենյան անձնագիր»։
Այսպես, Ազգերի լիգան ընդունեց համաձայնագրեր, որոնք սահմանում էին «փախստական» հասկացությունը և որոշակի կարգավիճակ էին տալիս փախստականին։ Այդ համաձայնագրերը շատ պարզունակ չափանիշներ էին սահմանում, բայց դրանք, կարելի է ասել, այսօր արդեն գոյություն ունեցող կոնվենցիաների ստեղծման իրավական հիմքն են։ Այսօր այն համընդհանուր փաստաթուղթը, որը սահմանում է «փախստական» հասկացությունը, կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները, 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիան է։ Համաձայն այս փաստաթղթի, փախստական է համարվում այն անձը, որը գտնվում է իր մշտական բնակության կամ ծագման, քաղաքացիության երկրի սահմաններից դուրս՝ երկյուղի կամ հետապնդման հետևանքով (կոնվենցիայով նախատեսված հիմքերի առկայության դեպքում)։ Այդ հիմքերը հինգն են՝ ռասա, կրոնական հայացքներ, ազգություն, քաղաքական հայացքներ և պատկանելություն որոշակի սոցիալական խմբի։
Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության մասին խոսելիս պետք է առանձնացնել 2008 թվականին ընդունված «Փախստականների և ապաստանի մասին» օրենքը, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին․ այն տալիս է թե՛ փախստականի և թե՛ ապաստան հայցողի և նրանց կարգավիճակի, իրավունքների և պարտականությունների ծավալի սահմանումները։
Ներքին տեղահանված անձինք հարկադիր միգրանտների մեկ այլ մեծաքանակ կատեգորիա են։ Այսօր աշխարհում շուրջ 79,5 միլիոն մարդ բռնի տեղահանված է, որից մոտ 46 միլիոնը ներքին տեղահանված անձինք են։ Ներքին տեղահանված անձինք արտաքին և ներքին զինված ընդհարումների, բռնության, մարդածին և բնական աղետների հետևանքով լքել են իրենց բնակավայրերը, սակայն, ի տարբերություն փախստականների, նրանք չեն անցնում իրենց պետության սահմանը։
Այսօր մամուլում Արցախից տեղահանված անձանց նկատմամբ շատ են շրջանառվում «փախստական», «տեղահանված» եզրույթները։ Իրավական տեսանկյունից այդ անձինք փախստական չեն, որովհետև չեն համապատասխանում թե՛ միջազգային կոնվենցիաների և թե՛ ՀՀ ներպետական օրենսդրությամբ տրված սահմանումներին։ Սակայն դե ֆակտո նրանք փախստական են, որովհետև, ըստ էության, փախել են՝ իրենց կյանքը և առողջությունը վտանգից փրկելու համար։
Այսօր միջազգային հանրությունը հարկադիր միգրանտների և մասնավորապես փախստականների հիմնախնդիրների լուծման երեք հիմնական տարբերակ է առաջարկում՝ կամավոր վերադարձ, տեղական ինտեգրում և վերաբնակեցում։ Նշված տարբերակներից պետությունների կողմից ընդունելի է կամավոր վերադարձը, և այն հաճախ նախընտրելի է հենց փախստականների համար։ Իհարկե, շատ կարևոր է ունենալ վերադարձի և վերաինտեգրման ծրագրեր այն պետությունների կողմից, որոնք պետք է նրանց հետ ընդունեն, որպեսզի վերադարձն ապահովի նրանց հետագա բարեկեցիկ և բնականոն կյանքի շարունակությունը։
Հարկադիր միգրանտների, մասնավորապես փախստականների, ապաստան հայցողների և այլ բռնի տեղահանվածների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում կարող է արդյունավետ կերպով իրականացվել, եթե ապահովվեն ՀՀ կողմից ընդունված ռազմավարական ծրագրերով նախատեսված կոնկրետ միջոցառումները։ Շատ կարևոր է նաև հետագայում նոր ռազմավարություններ մշակելիս հաշվի առնել աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները, ներպետական օրենսդրությամբ առանձին կարգավիճակ սահմանել հարկադիր միգրանտների այլ կատեգորիաների համար և նախատեսել նրանց համար կոնկրետ իրավունքների, պարտականությունների ծավալ, փաստաթղթային ապահովում և այլն։ Համապատասխան մասնագետներ պատրաստելու մեծ անհրաժեշտություն կա թե՛ գիտական-ակադեմիական և թե՛ հանրային կառավարման ոլորտներում։ Հետևաբար, կարևոր է բարձրագույն ուսումնական հաստատություններում ներմուծել համապատասխան դասընթացները։