Աշխատաշուկայում իմիգրացիայի պատճառների և ազդեցության մասին խոսելիս կարևոր է վերլուծել՝ ինչպիսին են այսօր հիմնական իմիգրացիոն ուղղությունները համաշխարհային մակարդակում, որն է Հայաստանի տեղն ու դերը դրանց համատեքստում, ինչպիսին կլինի ազդեցությունն աշխատաշուկայի վրա կանխատեսվող իմիգրացիայի աճի դեպքում և արդյոք այսօր մեր աշխատաշուկան պատրաստ է մեծ իմիգրացիոն հոսքեր ընդունել:
Քննարկման նպատակներից մեկն իմիգրացիայի փաստացի մակարդակի գնահատումն է և աշխատաշուկայի վրա դրա ազդեցության բացահայտումը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց հնդիկների ազդեցությանն աշխատաշուկայի վրա, ինչը բուռն կերպով և տարբեր մեկնաբանություններով քննարկվում է տարբեր հարթակներում: Կարևոր է քննարկել և հասկանալ՝ իրականում որքանով է արդարացված այս հիմնախնդրի շուրջ ծավալվող աղմուկը և արդյոք այն արհեստածին բնույթ չունի:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այսօր աշխարհում հաշվարկվում է շուրջ 250 միլիոն միգրանտ, բայց այս թվին իրական գնահատական տալու համար պետք է դիմել հարաբերական կամ տոկոսային ցուցանիշների. այս թիվը կազմում է աշխարհի բնակչության 3,4 տոկոսը: 1965 թվականից սկսած այս ցուցանիշն աճել է ընդամենը մեկ տոկոսային կետով. 1965 թվականին այս ցուցանիշը եղել է 2,4 տոկոս: Այսինքն, վերջին 50 տարվա կտրվածքով այս ցուցանիշը չի արձանագրել աճի մեծ դինամիկա, ինչը նշանակում է, որ համաշխարհային բնակչության ճնշող մեծամասնությունը գերադասում է ապրել, ստեղծագործել և աշխատանքային գործունեություն ծավալել այն երկրում, որտեղ ծնվել է: Այդուհանդերձ, առանձին տնտեսությունների համար միգրացիոն, մասնավորապես իմիգրացիոն գործընթացները լուրջ մարտահրավերներ են:
Ի՞նչ ազդեցություն ունի օտարերկրացիների իմիգրացիան աշխատանքային շուկայի վրա մասնավորապես Հայաստանում: Պետք է հիշել, որ Հայաստանը մնում է ուղարկող երկիր, ինչի պատճառները քիչ չեն՝ տնտեսական իրավիճակ, միտումներ, ժողովրդագրական գործոններ և այլն: Քանի որ այս երևույթը համեմատաբար նոր է Հայաստանի համար, բացակայում են մի շարք տվյալներ, որոնք կարևոր են վերլուծություններ և հիմնավորված եզրակացություններ անելու համար: Մասնագետները փորձում են տարբեր տեսությունների և հայեցողությունների հիման վրա կազմել իրենց պատկերացումն այս երևույթի վերաբերյալ:
Այս բոլոր մոտեցումները կարելի է բաժանել ընդհանուր առմամբ բացաական և դրական մոտեցումների: Իմիգրացիային բացասական գնահատական տվողները հարցի կենտրոնում տեղադրում են աշխատողին (ոչ միայն իմիգրանտին, որը գալիս է Հայաստան, այլ նաև տեղական շուկայի մասնակիցներին): Երկկողմանի դիտարկման ընթացքում բերվում են փաստարկումներ առ այն, որ սա բացասական երևույթ է, որովհետև կա մրցակցություն, իրավունքների խախտման ռիսկեր և որ նույնիսկ եթե տնտեսությունը շահում է, կան նաև սոցիալական հարցեր, որոնց բախվում են աշխատանքային շուկայի մասնակիցները: Այս հարցում դրական կողմնորոշում ունեցող մարդիկ հիմնականում կենտրոնում դիտարկում են գործատուին և բիզնեսը՝ հիմնավորելով, որ էժան աշխատուժը դրական երևույթ է տնտեսության համար, որը նույնիսկ բերում է տարբեր ապրանքների և ծառայությունների գների նվազեցման, ինչի արդյունքում շահում է տնտեսությունը և, հետևաբար, ամբողջ բնակչությունը: