Մեծ խզում կա հասարակական տրամադրությունների և Աժ-ում քաղաքական ուժերի բաշխվածության միջև, որովհետև երբ 2017-ի ապրիլին առաջին անգամ սա կիրառվեց, ընտրողների մի զգալի մասը վստահ էին, որ քվեարկել են կոնկրետ անհատի օգտին՝ առանց պատկերացում կազմելու կամ էական ուշադրություն դարձնելու տվյալ անհատի կուսակցական պատկանելիությանը:
Նույն կերպ ընթացավ քարոզարշավը. թեկնածուները հանդես էին գալիս տերիտորիալ սկզբունքով՝ ասելով, որ սա այն տարածքն է, որտեղ «…ես առաջադրվել եմ թեկնածու և դուք պետք է ինձ ընտրեք»: Հետևանքում մենք ստացանք խեղաթյուրված մի պատկեր:
Ես համոզված եմ, որ նման արհեստական մեխանիզմները պետք է բացառվեն և քաղաքական ուժերը ընտրությունների հիման վրա պետք է լիազորված լինեն և (եթե չեն ստանում հասարակության կողմից բավարար վստահություն) պետք է ստիպված լինեն միմյանց հետ երկխոսության գնալ, փոխզիջումների գնալ, որովհետև ի վերջո քաղաքականությունը հենց այս դինամիկայի մասին է:
Նախորդ ընտրությունների արդյունքում փաստական հիմքերն ու վկայություններն այնքան շատ էին, որ դրանք հավաքագրելու դեպքում բավարար հիմք կար ընդհուպ մինչև մասնակից կուսակցությանը գրանցումից զրկելու, բայց դա տեղի չունեցավ: Այս ամենը քննելու հարցը այդպես էլ բաց մնաց, մինչևդեռ դրա փոփոխությունը կարող էր նպաստել հանրության կողմից ընտրության ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմանը: