Play Video

Միգրացիոն ուսումնասիրությունները միջդիսցպլինար հարթակ են, և տարբեր գիտակարգեր տարբեր տեսակետեր են առաջարկում դրանց վերաբերյալ: Հասարակական գիտություները անդրադառնում են միգրացիային՝ քննարկելով դրա ընդհանուր խնդիրները:
Պատմագիտությունը երևույթները նախ դիտարկում է ժամանակային լայն համատեքստում, իսկ այդուհետև անդրադառնում է մասնավոր դեպքերին: Ամերիկյան Մեծ միգրացիան (Great Migration) վառ օրինակ է, թե ինչպես Եվրոպայից՝ Իռլանդիայից, Գերմանիայից, Բրիտանիայից, դեպի Միացյալ Նահանգներ միգրանտների հսկայական հոսք գոյացավ: Մեծ միգրացիայի վերջում (Նոր միգրացիա) միգրանտները մեկնում էին Ավստրոհունգարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից: Նոր երկիր բացահայտելու և նոր կյանք ստեղծելու մղումով լի այդ մարդկանց մեկնումը կամավոր միգրացիայի վառ օրինակ է: Բռնի միգրացիայի յուրահատուկ օրինակ է 1944թ. ԽՍՀՄ-ում չեչենների և ինգուշների տեղահանությունն ու արտաքսումը դեպի Սիբիր:
Պատմագիտության մեթոդաբանական օրինաչափությունը մի քանի փուլից է կազմված. վերցվում է որոշակի ժամանակահատված, խոսվում է տարածքների մասին, ուսումնասիրվում են մարդկանց դեմոգրաֆիական հատկությունները և տեղափոխության ուղղությունները: Միգրացիայի պատմությամբ զբաղվողները չեն սիրում տեսություններ. մասնավոր դեպքերի բազմազանությունը դժվարացնում է տեսական ընդհանրացումները: Ըստ պատմաբաններից մեկի. «Միգրացիայի ուսումնասիրությունների դաշտը լի է կիրճերով, արագավազ գետերով և անդունդներով, որոնցից ամենամեծը սոցիալական գիտությունների և պատմագիտության միջև ընկած անդունդն է: Թվում է՝ դրանք նույն գործն են անում, բայց մոտ դիտակետի և աբստրակցիայի տարբերությունը անդունդ է ստեղծում»: Սոցիալական գիտնականներն ամբողջացնում են տեղեկությունները՝ կորցնելով տարածքը, ժամանակաշրջանը, երկիրն ու մարդկանց խումբը, մինչդեռ պատմաբաններն իրենց դիտակն ուղղում են որոշակի երկրների, որոշակի ժամանակաշրջանի, որոշակի խմբերի վրա և միգրացիոն կոնկրետ դեպքեր են ուսումնասիրում:

Դեմգրաֆիայի մոտեցման դասական օրինակ է Էռնստ Ռավենշթայնի ուսումնասիրությունն ու տեսական դրույթները: Ռավենշթայնը՝ մասնագիտությամբ աշխարհագետ, աշխատեց դեմոգրաֆիայի վիճակագրական տվյալների հավաքագրման վրա և երկու հոդված (1885թ. և 1889թ.) տպագրեց: Վիճակագրական տվյալներից Ռավենշթայնը դուրս բերեց «միգրացիայի օրենքները»՝ ինչքան կարճ է երկու կետերի միջև հեռավորությունը, այնքան ուժգին է միգրացիոն հոսքը, միգրացիոն հոսքերին հակահոսքեր են ձևավորվում և այլն:

Դիտեք նաև՝

Search