Հանրակրթության օրենքի համաձայն՝ ազգային դպրոցի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է։ Ըստ այդմ՝ հանրակրթության նպատակներից մեկը սովորողի մասնագիտական կողմնորոշումը և մասնագիտական, աշխատանքային գործունեությանը նախապատրաստելն է։ սակայն այսօր ազատ շուկայական տնտեսության և շարունակ փոփոխվող աշխատաշուկայի պայմաններում մասնագիտական կողմնորոշումը և կարիերայի ուղղորդումը անհրաժեշտ է դարձել մարդուն ամբողջ կյանքի ընթացքում։
Մասնագիտական կողմնորոշման կարևորության և ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում այս ուղղությամբ տարվող աշխատանքների մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և կարիերայի խորհրդատու, «CareerLab» ՀԿ-ի հիմնադիր Հայկուհի Գևորգյանը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։