Play Video

«Պատերազմի և խաղաղության տեսություններ» գիտակարգը Թոմաս Հոբսով սկսելը նշանակում է ժամանակագրական տարանջատման հիմքում դնել քաղաքական արդիության՝ մոդեռնիզմի նորամուտը, ինչը չի նշանակում, սակայն, որ դրանից առաջ մարդկային միտքը չի անդրադարձել պատերազմի և խաղաղության հնավանդ հարցին: Դեռ անտիկ աշխարհում՝ ի դեմս Թուկիդիդեսի և նրա «Պելոպոնեսյան պատերազմի պատմությունը» աշխատության, Պլատոնի և նրա «Հանրապետության», քաղաքական միտքը ծնել է գաղափարներ ու վերլուծություններ, որոնք դիմացել են ժամանակների հարափոփոխ հոլովումին ու չեն կորցրել իրենց արդիականությունն անգամ այսօր: Բայց պետք է դիմակայել հարցի քննությունն իր գիրք ծննդոցի առաջին իսկ գլուխներից սկսելու գայթակղությանը, եթե մեր նպատակը ներկան՝ մեր օրերը, իմաստավորելն է, ու սկսել շատ ավելի ուշ ժամանակաշրջանից՝ 1600-ականներից, ասել է թե՝ այն պայմանական ջրբաժան գծից, որտեղից սկիզբ է առնում քաղաքական արդիություն կոչվող հոլովույթի նախաշավիղը՝ սկզբնափուլը:

1648 թվականին կնքված Վեստֆալյան հաշտությամբ ոչ միայն նշանավորվում է 1618-ից 1648 թվականները մղված Երեսնամյա պատերազմի ավարտը, այլև, ինչպես ընդունված է համարել, հենց այդ ժամանակ է, որ իր առաջին ծիլերն է սկսում արձակել պատմական կարգի նոր հարացույցի՝ եվրոպական նոր աշխարհակարգի ձևավորման շրջադարձային և անշրջելի գործընթացը, երբ բացարձակապետական Եվրոպայում նշմարելի են դառնում ազգային պետության ստեղծման առաջին սաղմերը և երևակվում է Եվրոպայի քաղաքական քարտեզի ներկայիս կերպարանքի նախարդակը՝ սկզբնական՝ դեռ ոչ ավարտուն տեսքը: Այդ պահից է սկսվում, այլ կերպ ասած, մեր ապրած ներկայի՝ քաղաքական ներկայի տարեգրությունը՝ ներկայի պատմությունը, ինչպես կասեր ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոն: Բացի այդ, հենց պատմական այդ հանգրվանում է նաև առաջին անգամ լսվում քաղաքական տեսաբանության մերօրյա պատկերացումների նախերգային մինուետը, իսկ նախերգակն էլ անգլիացի մտածող, քաղաքական փիլիսոփա Թոմաս Հոբսն էր, որն ապրել է 1588-ից 1679-ը թվականներին, և որի անվան հետ է կապվում արդի պետությունների արտաքին քաղաքական վարքն իրապաշտ՝ ռեալիստական դիրքից բացատրելու մերօրյա ավանդույթի սկզբնավորումը:

Մերժելով բնական իրավունքի գոյության թեզը, այն է՝ թեզը, թե կան իրավունքներ, օրինակ՝ կյանքի իրավունքը, որ մարդուն տրված են ի բնուստ, ինչպես պնդում էին, ասենք, անտիկ ստոիկները, կամ ի վերուստ, ինչպես նույնը՝ շեշտի թեթևակի փոփոխությամբ, պնդում էին միջնադարյան կրոնաիդեալիստական սխոլաստիկայի ներկայացուցիչները, Հոբսն իր տեսության կենտրոնում դնում է անհատապաշտության գաղափարը, մերժում է մարդ արարածի՝ հասարակամետ, մարդամոտ ու դյուրահաղորդ լինելու մասին բոլոր պնդումները, համարում է, որ մարդն անկարեկից և անընկալուչ, այլոց նկատմամբ անտարբեր և անձնապաշտ մի արարած է, որը, ապրելով նույնպիսի անկարեկից ու անընկալուչ և այլոց նկատմամբ անտարբեր և նույնքան անձնապաշտ արարածների կողքին, ունի մեն մի բնական իրավունք՝ ինքնապահպանության իրավունքը:

Սակավ ու սահմանափակ միջոցներով բնական աշխարհում ապրող՝ «միշտ դեպի ինձ» հակումներով և միշտ կեղծիքի ու խաբեության պատրաստ մարդը գտնվում է մշտական Bellum omnium contra omnes՝ «Բոլորի պատերազմը բոլորի դեմ» և Homo homini lupus est՝ «Մարդը մարդուն՝ գայլ է» վիճակում, այն է՝ գտնվում է ժամանակից շուտ անդարձիկ քուն մտնելու՝ մահանալու մշտաճոճ սպառնալիքի ներքո, քանի որ ամեն քայլափոխի բախվում է իր նմանին՝ խարդախության ու խարդավանքի պատրաստ անհագուրդ մարդուն: Սա է Հոբսի տեսության ելակետային օնթոլոգիան, որը նա դնում է իր հայտնի աշխատության՝ «Լևիաթանի» հիմքում: Իսկ հարցը, որին փորձում է պատասխանել այդ քննախոսությունը հետևյալն է. ինչպես վերափոխել բնական վիճակը խաղաղաբույր վիճակի, ինչպես բարեփոխել խառնակ այդ անիշխանությունը՝ անարխիան և վերածել այն խաղաղակյաց հանրային կարգ ու կանոնի. իհարկե, պետությամբ: Բայց պանդորայի արկղը սրանով չի փակվում, քանի որ խնդրի լուծումը Հոբսի դեպքում դառնում է պատճառը մեկ այլ՝ նոր մի խնդրի: Ներպետական ընդհարման վտանգը գրեթե վերանում է, երբ ուժեղ է պետությունը, բայց պետության զորեղացումը մեծացնում է հզոր Լևիաթանների, այսինքն՝ զորեղ պետությունների միջև մղվող միջպետական ռազմական ընդհարումների հավանականության վտանգը:

Դիտեք նաև՝

Search