Play Video

Ողջամտության դպրոցի ներկայացուցիչ, լուսավորիչ, փիլիսոփա և պատմաբան Ադամ Ֆերգյուսոնն իր համերկրացի փիլիսոփաներից, հատկապես Դեյվիդ Հյումից  և Ադամ Սմիթից տարբերվում էր առևտրային նորադարի հանդեպ իր ծանրախոհուն, անգամ իսկ գուժկան հոռետեսությամբ: Եթե Հյումը, որն արդի առևտրային նորադարը համարում էր երանելի և առաքինազարդ, արդյունաբերական նվաճումների, գիտակա՛ն զարթոնքի, ողջախոհությա՛ն արթմնության, մարդկան ժանտ ու դժմիտ կրքերի ընդարմացման, ու փոխարենը՝ մեղմ ու բարեմույն կրքերի կայտառացման դարաշարջան, ապա Ֆերգյուսոնը, որ նույնպես պատրաստ էր առևտրային աշխարհի նորապատումը ողջունական բարևագրերով դիմավորելուն, նաև տատամսում էր, որ  նորընծա այս աշխարհը, որքան էլ նորասքանչ թվա, նաև օժտված է եղծականությամբ՝ ինքն իրեն ապականելու բունիբնե կարողավորությամբ, անգամ իսկ՝ հասարակությունը վերացնելու՝ մոխրադաշտեր դարձնելու ներքին զորավորությամբ:

Հատո՛ւ հուսաբեկություն է սա, ի՛նչ խոսք, հուսահատ հոռետեսություն: Բայց որտեղի՞ց այս չարաժանտ գուշակողությունը, որ ակադեմոսյան շրջանակներում ստացել է ֆերգյուսոնյան հարափառը՝ պարադոքսը անվանումը, հարափառ, որ պատմության կատարելագործ ուժերի մեջ տեսնում է նաև ապականագործ տարրեր, առա՛ջխաղացման մեջ՝ հե՛տխաղացության վտանգ, իսկ նոր առևտրային աշխարհին ներհատուկ առաջընթացի զարմանալի սքանչականության մեջ էլ զարհուրելի տարրեր է նկատում: Հարափառ՝ պարադոքս, որ սնուցող անթիվ-անհամար ստինքներ ունի, օրինակ՝ Մոնտեսքյոն, Բեկոնը, Արիստոտելը, Կիկերոնը, և այլք, բայց որի սնուցիչ ոսկեմայրն, ինչ խոսք, ստոիցիզմն է՝ սրահականությունը, և հատկապես հույն սրահական Էպիկտետոսն ու հռոմեացի սրահական Մարկոս Ավրելիոսը, որոնց նա պարբերաբար հիշատակում է իր աշխատություններում, հաճախ էլ՝ գովաբանում: Սրահականության հիմունքը տիեզերքի ներդաշնակության դրույթ է, որ համայն տիեզերքը դաշնավոր ու ներդաշնակավոր, անթերի ու առանց պակասությունների ինքնանորոգ կուռ մարմին է: Ըստ Ֆերգյուսոնի՝ պատմությանը շարժ և ընթացք են հաղորդում բնության կամակար, նույնն է թե՝ ինքնաբուխ՝ սպոնտան ուժերը, որ նաև հանրային կարգ-կանոնի նախաղբյուրն են, հանրային կյանքի ներդաշնակության բունակունքը: Հասարակական կարգուկանոնի, նույնն է՝ քաղաքակրթության, նույնն է՝ առաջընթացի ուղենիշ աստղը, առաջընթացի ճարտար շինարարը ոչ թե մարդ-անհատն է, այլ մարդկային ցեղի հավաքական հանճարը, նրա ներքին բանիմացությունը, ներանսացությունը՝ ինտուիցիան, մարդկանց կամակար՝ ասել է թե՝ սպոնտան՝ ինքնաբուխ արարքների հանրագումարը:

Պատմության այսպիսի հղացություն ստեղծելու համար Ֆերգյուսոնը, բնականաբար, պետք է ելման էաբանական՝ օնթոլոգիական, կետ ունենա, այն է՝ պետք է տա «էությամբ ինչպիսի՞ արարած է մարդը» հարցի իր պատասխանը, առանց որի հնարավոր չէ խոյացնել տեսական-փիլիսոփայական և ո՛չ մի համակարգ: Եթե Հոբսը մարդուն համարում էր եսապաշտ ու ինքասևեռ, իսկ Մոնտեսքյոն՝ երկչոտ ու խաղաղաբարո, ապա Ֆերգյուսոնը գտնում է, որ մարդը կատարելամետ, կատարելասլաց ու կատարելասեր, այն է՝ կատարելագործման ձգտող արարած է, քանի որ ներքուստ օժտված է գնահատելու, այսինքն՝ լավը վատից տարբերելու ներահայս կարողությամբ: Կարողություն, որ մղում՝ դրդում է նրան, որ ձգտի առաջխաղացման, ձգտի գերազանցության ու առավելության, այն է՝ լինի ամբիցիոզ: Մարդը, ուրեմն, լինի նա Բրիտանիայի կղզիներում, Բարեհուսո հրվանդանում, թե Մագելանի նեղուցի մոտ, բնական վիճակում է, եթե արարում է, քանի բարելավում է հինը, նորոգում է եղածը: Մարդն, ուրեմն, անդուլ-անդադար աճում է, անվերջ նորոգվում, բարվոքվում ու կատարելանում: Ա՛յս է սկզբունքն առաջընթացի, որ մարդու հետ է՝ ապրում է նրա մեջը: Առաջընթացը մարդու ներբնակ հատկանիշներից է: Առաջընթացը բնության կամակար՝ սպոնտան օրենքների հետևանքն է, բայց նաև՝ ներգրված է քայքայման, կազմալուծան ու կործանման նախադրյալներով:

Ահա և ֆերգյուսոնյան հարափառի՝ պարադոքսի բովանդակությունը. մի կողմից նա կարծում է, որ տիեզերքը կամակար ներդաշնակության ծնունդ է, իսկ մյուս կողմից նույն այդ ներդաշնակության ակամա հետևանքին՝  առաջընթացին ու արդիությանը տալիս է հոռի ու չարաբեկ բնորոշումներ: Հենց այս էաբանությունից՝ օնթոլոգիայից են բխում նաև պատերազմին ու խաղաղությանը վերաբերող նրա՝ նույնպե՛ս հակասական ու նույնքա՛ն իրարամերժ դատողությունները, որ այս դեպքում էլ, բնականաբար, առնչվում են առաջընթացին: Ու հարց է ծագում․ եթե մարդկային բնազդներն ու մարդուն բնորոշ ներաշրեշ հատկանիշները, այդ թվում՝ բնության ու տիեզերքի բոլոր օրենքները ծառայում են առաջընթացին, չի՞ ստացվում արդյոք, որ նա՛և պատերազմը, որն, ինչ-խոսք, մարդուն բնորոշ ներքակ հատկանիշների՝ մարդու մարտական ու մրցական ոգու արտահայտություն է, նույնպես պետք է ծառայի պատմության առաջընթացին: Եթե Ֆերգյուսոնը հետևողական և իր ստեղծած էաբանությանն ու իմացաբանությանը հավատարիմ հեղինակ է, ապա պետք է պատերազմը, առհասարակ՝ կոնֆլիկտը, նույնպես համարի առաջընթացի ապահովանքներից մեկը:

Ըստ Ֆերգյուսոնի՝ պատերազմի պատճառները պետք է ոչ թե արտաքին հանգամանքների ու իրավիճակների մեջ փնտրել, այլ մարդու, նրա հոգեբանության ու ներքին կերտության մեջ: Այո՛, պատերազմները բռնկվում են նաև ագահությունից ու նախանձից, բայց պետք չէ մոռանալ, որ մարդկային բնությունը անհանգիստ բնություն է, իսկ հակամարտությունը, որի բարձրակետը պատերազմն է, արյունատար երակի դեր է կատարում անհանդարտ մարդու կրքերի համար: Այսպես, գրում է նա «վասն պատերազմի և տարաձայնության» հատվածում, կատաղության ու ատելության սերմերը կարծես նրա համար են դրված մեր ուղեղում, որ հակամարտությունը հաճույքով ու աշխուժությամբ ընդունենք բռնկման պահին: Անթիվ–անհամար օրինակներ կան, որ հուշում են, որ ընդդիմահարությունը մարդու ներքին բնավորյալ հատկանիշներից է։

Ավելին՝ պատերազմին ենք պարտական կառավարման տարազան ու բազմամակարդակ համակարգերի գոյության համար։ Պատերազմն է, որ հանրույթներին տալիս է միասնության ու համախմբվածութան զգացողություն, նպաստում է, որ բազմազգ ու բազմալեզու, զատ ու բաժան բազմամարդ խմբերը միախորհ դառնան, լինեն միաշունչ, միահավան ու միաեռանդ, որ բոլորը մի հոգով շարժվեն ու կազմեն զմի բոլոր ամբողջական։ Ասել է թե՝ պատերազմի սարսափից ու վտանգի գիտակցումից է, որ փոքր ու ցրիվ կազմավորումները աճում ու վերաճում են մեծ միավորների։

Անթիվ-անհամար մեկնաբաններ են քննել ու տնտղել Ֆերգյուսոնի մտքի այս հակասականությունը. նա մի կողմից հարում է սրահական փիլիսոփայության աստվածաբանությանը՝ տիեզերքը ներդաշնակ է, մյուս կողմից՝ թմբուկներով ու շեփորներով գովերգում է ընդդիմահարությունն ու պատերազմը։ Միգուցե և այդպես է։ Հարկ է, սակայն, նաև հիշել, որ նա ավելի շուտ հարում էր սրահականության հռոմեական, և ոչ թե հունական, ճյուղին, որ ընդգծում էր քաղաքացու արարիվ, այն է՝ ակտիվ լինելու և իր քաղաքացիական պարտականությունները անշեղ կատարելու սկզբունքը, որոնցից գլխավորն, իհարկե, ռազմական ծառայությունն ու պետության պաշտպանությունն է: Փաստորեն, Ֆերգյուսոնը մի հեղինակ է, որ հարում է թե՛ աստվածաբանությանը, թե՛ Հռոմեական սրահականությանը՝ ստոիցիզմին, թե՛ հոբսական էաբանության մակիավելիական երեսակներին։ Նա մի հեղինակ է, որին հաջողվում է միավորել կրոնական պատկերացումներն արդի դարաշրջանի հետ, անտիկ աշխարհը՝ հետլուսավորչական մտքի հետ։

Դիտեք նաև՝

Search