Աշտարակ տեղանքի մասին առաջին հիշատակումները սկսում են 9-րդ դարից։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում։ Անվան ծագումնաբանությունը կապվում է ասորական սիրո և պտղաբերության աստվածուհի Իշտարի անվան Աշտար տարբերակի հետ։
Աշտարակը Երևանից հեռու է ընդամենը 13 կմ, քաղաք է հռչակվել 1963 թվականին և ներկայումս Արագածոտնի մարզկենտրոնն է։
Կոլորիտը
Աշտարակի ամենակոլորիտային թաղամասերից է Բերդաթաղը, որը հայտնի է իր երեք եկեղեցիներով և Պերճ Պռոշյանի տուն-թանգարանով։ Բերդաթաղի մի կողմը եղել է պարիսպ, իսկ մյուս մասը ձորի կողմն է եղել։ Սկզբում բուն Աշտարակը հենց Բերդաթաղն է եղել, բայց բնակչության ավելացմամբ և հարակից այլ տարածքներում տներ կառուցելով պայմանավորված՝ Աշտարակ քաղաքն ընդլայնվել է, իսկ Բերդաթաղը դարձել է առանձին թաղամաս։
Նշանավոր վայրերը
Աշտարակ քաղաքում է ծնվել գրող, թարգմանիչ, ուսուցիչ, թարգմանիչ, լուսանկարիչ Պերճ Պռոշյանը։ 1948 թվականին գրողի հայրական տանը հիմնադրվել է իր տուն-թանգարանը, որը հայտնի է իր գեղեցիկ պատշգամբներով, թոնրատնով, մառանով, էթնոգրաֆիկ ցուցանմուշներով։
Տուն-թանգարանի տնօրեն Անի Տոնոյանը պատմում է նաև, որ Աշտարակի ամենահին եկեղեցու՝ 5-րդ դարում կառուցված Ծիրանավորի տեղում նախաքրիստոնեական շրջանում վիշապապաշտության տաճար է եղել, սակայն ինչպես մյուս հեթանոսական տաճարները, դա էլ են քանդել և փոխարենը եկեղեցի կառուցել։ Ներկայումս եկեղեցու միայն տանիքն է վնասված 19-րդ դարի երկրաշարժից։
Աշտարակ քաղաքը հետաքրքիր հանգրվան է նաև զբոսաշրջիկների համար։ Մարդիկ այցելում են եկեղեցիներ, որոնցով հարուստ է քաղաքը, Պռոշյանի տուն-թանգարան և այլ վայրեր։ Աշտարակում պարբերաբար իրականացվում են նաև կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումներ․․․․
«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին:
Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին: