Play Video
Մեր թաղը #25 Օշական | Հակոբ Հակոբյան

Պատմությունը

Օշական գյուղը Հայաստանի ամենահին բնակավայրերից է։ Առասպել կա, թե ինչպես է Նոյ նահապետը իր տապանից իջնելիս ասել «Օշ իմ ական», այսինքն՝ «Լույս իմ աչքերին»։ Դա դարձել է Օշական անվանման ժողովրդական ստուգաբանումներից մեկը։

Դերասան Հակոբ Հակոբյանը, նախ անդրադառնալով Օշականի պատմությանն ու անվան նշանակությանը, պատմում է նաև հարազատ թաղի մասին, որը բավականին նոր է: Այն կառուցվել է 1950-60-ականներին և բնակիչների մեջ հայտնի է «Առանց սկեսուրի թաղ» անվանմանբ․ Այդ թաղամասը կառուցել և հետագայում այդտեղ ապրել են նոր ամուսնացած զույգերը։

Բնակիչների զբաղվածությունը

Օշականի տարբեր բակերում կարող ենք խաղողի թարմաներ տեսնել․ այստեղ միշտ զարգացած է եղել խաղողագործությունը․ Օշականի գինին անգամ արտահանվել է այլ երկրներ։ Հողագործության և այգեգործության հետ են կապված նաև Հակոբ Հակոբյանի մանկության հուշերը, սակայն ժամանակակից օշականցիների զբաղմունքները փոխվել են․ հողագործությունը մղվել է հետին պլան։

Օշականում կա Մշակույթի պալատ, դպրոց, դպրոցին կից ուսուցիչների թաղամաս, որտեղ ապրել և շարունակում են ավանդաբար ապրել տարբեր սերնդի ուսուցիչներ։ Մշակույթի պալատում գործում են թատերական, նկարչական, երգեցողության խմբակներ և ապահովում երեխաների ու պատանիների ակտիվ առօրյան։ Օշականը բանուկ երթուղի է նաև դպրոցականների համար․ ամեն տարի հարյուրավոր երեխաներ էքսկուրսիա են գալիս այստեղ՝ այցելելու Սբ․ Մեսրոպ Մաշտոցի վանքը։

Կոլորիտը

Օշականի համար շատ կարևոր նշանակություն ունեն 16-րդ դարում կառուցված կամուրջը և Քասախ գետը։ Օշականցիների համար ջուրը, գետը շատ կարևոր դեր են խաղում․ այստեղի տղաները ձորում ու գետում են մեծանում, ճանաչում աշխարհը։ Այդ տարածքներում են ծավալվում բակային ուրույն խաղեր և զբաղմունքներ, որ բնորոշ են միայն Օշականի երեխաներին։

Օշականը հարուստ է նաև կոլորիտային տներով ու բակերով։ Այդ բակերում են նկարահանվել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Պատվի համար» -ը, «Ճերմակ անուրջներ»-ը, «Խոշոր շահում»-ը և այլն․․․

«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին:

Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search