Հաճախ հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարելի է կառավարել թափոնները։ Եվրոպան առավել քան 15 տարի է՝ որդեգրել է թափոնների հիերարխիայի կամ ստորակարգման սկզբունքը։ Դա մոտեցում է, որ սահմանում է առաջնահերթ գործողություններ թափոնների կառավարման համար։ Զարմանալիորեն, թափոնների վերամշակումը առաջնահերթություն չէ։ Առաջին տեղում կանխարգելումն է, որին հաջորդում է թափոնների առաջացման նվազեցումը, որն արվում է օրինակ վերօգտագործման միջոցով։ Հաջորդ մակարդակը վերամշակումն է, որն, ըստ էության, նյութի կամ էներգիայի օգտահանումն է։ Ամենաքիչ նախընտրելի ձևը թափոնների կառավարման դրանց հեռացումն է աղբավայր։
Արտադրողն ապրանք արտադրելիս արդեն իսկ պիտի մտածի թափոնների կանխարգելման մասին։ Հետևաբար, կարևոր է վերամտածել փաթեթավորման ձևերը՝ մտածելով փաթեթավորման վերօգտագործման կամ վերամշակման մասին։ Հպարտությամբ կարող ենք արձագանքել, որ վերօգտագործման առումով Հայաստանը բավականին առաջադեմ է։ Մենք ունենք էլեկրական տեխնիկայի վերանորոգման կետեր, կոշիկի վերանորոգման պրակտիկա, որը եվրոպական երկրներում բացակայում է։ Ցավոք, վերամշակումը դեռևս պատշաճ կերպով չի արվում Հայաստանում։
Սորտավորումը վերամշակման ամենակարևոր նախապայմանն է։ Անհրաժեշտ է սորտավորել հնարավորինս շուտ՝ գոյացման աղբյուրի մոտ՝ թափոնները չուղարկելով աղբավայր, այնուհետև նոր վերամշակման։ Հայաստանը դեռ շատ մեծ անելիքներ ունի, որպեսզի նվազեցնի աղբավայր ուղարկվող թափոնների քանակը։