Play Video
Ինչու է պետք գիտությունների ակադեմիան | Արթուր Իշխանյան

2020 թվականի աղետալի դեպքերը ստիպեցին մեզ թե՛ պետական, թե՛ անձնական մակարդակով վերանայել մեր մոտեցումները, պատկերացումները և հավաքական վարքագիծը։ Աշխարհաքաղաքական այս ծանր իրավիճակը, որում մենք գտնվում ենք և տարածաշրջանային այն իրողությունները, որին մենք առերեսվում ենք, մշտապես հետապնդել են մեզ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք 21-րդ դարում ենք՝ վերանայումների առաջնային կետերից մեկը պետք է լինի գիտությունը, դրա կազմակերպումը և գիտական կառույցների գործունեությունը և այլն։ Այժմ տեխնոլոգիաների դարաշրջան է, և այն ազգերը, ովքեր այդ ոլորտում ասելիք չունեն, դատապարտված են վերանալ։ Գիտատեխնոլոգիական արդիականացումը պետք է լինի ազգային զարգացման դոկտորին։

Մենք այսօր ունենք գիտական կազմակերպությունների մի ցանց, որը մենք ժառանգել ենք Խորհրդային Միությունից։ Խորհրդային Միությունից մենք ժառանգել ենք հսկայական գիտական պոտենցիալ, որը, ցավոք սրտի, երեսուն տարի անց փոշիացված է։ Մոտ երեսուն հազար գիտնականից այժմ հանրապետությունում մնացել է չորս հազարը։ Պետք է նշել, որ ակադեմիաներ գործում են աշխարհի շատ ու շատ երկրներում։ Խորհրդային միության ժամանակներում ակադեմիան ուներ որոշակի խնդիրներ, որոնք հիմնականում գիտական էին։ Գիտության հանրայնացման հարցերն իրականացնում էր պետությունը, օրինակ՝ բոլոր միութենական կինոստուդիաները 60-ականներին պատվեր ստացան նկարահանել գիտնականների մասին ֆիլմեր։

Հասարակական գիտությունների ոլորտում մենք ունենք գիտական արդյունքի միջազգայնացման խնդիր։ Սա ևս Խորհրդային Միությունից ժառանգած խնդիր է, որովհետև խորհրդային տարիներին հասարակական և հումանիտար գիտական միտքը չէր ներմուծվում և զարգանում այդ ուղղությամբ։ Այժմ անհրաժեշտ է գիտության ոլորտը գրավիչ դարձնել երիտասարդ գիտնականների համար։ Մեր ակադեմիան ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը ժառանգել ենք անցյալից, իսկ մյուս մասը պայմանավորված է կառավարության կողմից ֆինանսավորման կրճատման և բացասական նախատրամադրվածություններով։ Այնուամենայնիվ, ակադեմիան անհրաժեշտ է մեր պետությանը օդի պես և պետք է հանդիսանա գոյության կռվի հիմք։

Դիտեք նաև՝

Search