Play Video
Զապել Եսայան. Լարա Ահարոնյան

Զապել Եսայանը ծնվել է Կ. Պոլսում 1878թ. փետրվարի 4-ին միջին դասակարգին պատկանող աշխատավորների ընտանիքում: Հայրը մեծ դեր է խաղացել դստեր կյանքում՝ թույլ տալով, որ Զապելը փոքր-ինչ այլ ձևով մեծանա Պոլսի պահպանողական հասարակության մեջ: Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սբ. Խաչ նախակրթարանում: Փոքր տարիքից արդեն իսկ նկատելի էր հետաքրքրությունն ու սերը գիր ու գրականության հանդեպ, բայց ի՞նչ կարող էր աշխատել այդ տարիներին գրագետ կինը Պոլսում. լավագույն դեպքում ուսուցչություն հայկական դպրոցում, իսկ ավագ դպրոցը նախատեսված էր միայն տղամարդկանց համար:

17-18 տարեկանում մեկնում է Փարիզ, ուր անընդհատ հիշում էր Սրբուհի Տյուսաբի խոսքերը. «Դու շատ պետք է աշխատես ու շատ բարձր լինես միջակությունից, որովհետև եթե միջակ տղամարդ գրողն ընդունելի է մեր հասարակության մեջ, ապա կին գրողներին մեր հասարակությունը չի ընդունում, և եթե դու կին գրող ես, չես կարող միջակ լինել, քննադատությունը, որ դու պարզապես կին ես ու գրիչ ես ձեռքդ վերցրել, շատ է, դու պետք է շատ ավելի լավը լինես»: Ընդունվում է Սորբոնի համալսարան, ապրում էր բոլորովին մենակ, շփվում էր ֆրանսիացի մտավորականների հետ, միանգամից սկսեց ֆրանսերենով հոդվածներ ու բանաստեղծություններ գրել, տպագրվում էր ֆրանսիական մամուլում. նա  պարզապես նետվում էր, չկար վախ ու բարդույթներ: 

1900-ական թթ. Պոլսում հանդիպում է նկարիչ Տիգրան Եսայանին, սիրահարվում են և ամուսնանում: Հետաքրքիրն այն է, որ իրենց հարաբերությունները ևս տարբերվել են այդ միջավայրում ընդունված զույգերի հարաբերություններից: Ամուսնությունից հետո Զապելը շարունակեց ստեղծագործել, ճանապարհորդել, զբաղվել մշակութային ու ազգային գործունեությամբ: Երբ կարդում ենք այս զույգի նամակները, չենք պատկերացնում, որ դրանք գրվել են 1900-ականներին, այնքան ժամանակակից են…

1933-34թթ. պաշտոնական հրավերով ժամանում է Խորհրդային Հայաստան: Ոգևորված էր շատ, հավատում էր, որ իր ներդրումը կունենա՝ կերտելու այդ նոր երկիրը, հողը, մշակույթը: Աշխատում է Երևանի պետական համալսարանում, դասավանդում է ֆրանսիական, եվրոպական գրականություն: Ուսանողները սիրով պատմում էին իր մասին, որ Զապել Եսայանը շատ տարբերվում էր մյուս դասախոսներից, գալիս էր նստում սեղանի վրա, մի սիգարետ վառում, խոսում էր ամեն ինչից, անկաշկանդ էր շատ, իսկ նման բան այդ տարիների համար անպատկերացնելի էր:

Շատ ակտիվ էր գրողների միությունում, 37թ., երբ սկսվեցին հալածանքները գրողների հանդեպ, մասնավորապես՝ Չարենցի, Զապելն առաջինն էր, ով կանգնեց ու բացահայտորեն պաշտպանեց Չարենցին՝ շատ խիստ քննադատելով, ինչն էլ եղավ նրա դատավճիռը. հաջորդը Զապելն էր…

Դիտեք նաև՝

Search