Հանրային հաղորդակցությունը հաճախ նկարագրվում է որպես միակողմանի գործընթաց, որի շրջանակներում մի կողմը մյուս կողմին որոշակի ուղերձ է փոխանցում, որը միտված է ստացողի՝ տվյալ թիրախային լսարանի կարիքների, պահանջմունքների բավարարմանը։ Բայց հաղորդակցության մեջ շատ կարևոր է նաև հետադարձ կապը. եթե լսարանից համապատասխան արձագանքը չկա, անհնար է հասկանալ՝ որքանով էր ուղերձը արդյունավետ, արդյոք հաղորդակցային նպատակներն իրագործվեցին և այլն։ Հենց հետադարձ կապն է փոխվստահության և փոխհամաձայնության մթնոլորտի առանցքում, ինչը պետք է լինի ցանկացած հաղորդակցության վերջնական ու հիմնական նպատակը՝ ձևավորել աջակիցների համայնք։ Հանրային հաղորդակցությունը կամ PR-ը, որպես առանձին կատեգորիա, մոտավորապես 100 տարվա պատմություն ունի: Տեսաբանները PR-ի զարգացման 4 փուլ են առանձնացնում`
- Մեդիա գործակալությունների փուլը, երբ գերակշռում էր քարոզչության տարրը: Այդ ժամանակ հաղորդակցության կարգախոսն էր` «Ամբողջական ճշմարտությունը կարևոր չէ»:
- Հաջորդ փուլում ճշմարտությունն ավելի կարևոր է դառնում, սակայն հաղորդակցությունը մնում է միակողմանի, իսկ ճշմարտությունը` վերահսկվող և կառավարվող:
- Երկկողմանի ոչ համաչափ հաղորդակցության փուլ. շարունակում է գերակա դիրքում մնալ ուղերձը փոխանցողը:
- Երկկողմանի համաչափ հաղորդակցության փուլ. ստացողը ուղերձը մշակում և վերադարձնում է ուղարկողին:
Հայաստանում պետական կառույցները հաճախ կարծում են, որ հաղորդակցության ռազմավարություններ իրենց անհրաժեշտ չեն և հղում են կանոնադրություններին, օրենքներին` կարծելով, թե դրանց միջոցով հնարավոր է հաղորդակցությունը կազմակերպել: Սակայն ռազմավարական հաղորդակցությունը շատ կարևոր նշանակություն ունի, հատկապես` ճգնաժամային իրավիճակներում, որոնք կարող են քայքայիչ ազդեցություն ունենալ փոխվստահության մթնոլորտի վրա: