Մեզ շրջապատող աշխարհն աննախադեպ արագությամբ թվայնացնում է, որն էլ անդրադառնում է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա։ Այսօր դժվար է տարանջատել, թե որտեղ է ավարտվում իրական կյանքը և սկսվում՝ վիրտուալը։ Հաճախ մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում առցանց տիրույթում՝ այն դարձնելով մեր իրական աշխարհը։ Կոռոնավիրուսային համաճարակը ցույց տվեց, թե ինչպես կարող է ամբողջ աշխարհը օրերի ընթացքում տեղափոխվել վիրտուալ տիրույթ։ Մենք այսօր ըստ էության սովորում, աշխատում և ապրում ենք համացանցում։
Բնականաբար, համացանցի իմաստային օգտագործումը բազմաթիվ դրական հետևանքներ ունի երեխաների համար, քանի որ այն անսահմանափակ հնարավորություններ է տալիս ինքնակրթվելու, զարգանալու, իրացնելու իրենց կրթական, սոցիալական, մշակութային իրավունքները։ Սակայն, ինչպես իրական կյանքում, այնպես էլ համացանցում կան վտանգներ։
Կիբեր բուլլինգը համացանցում իրականացվող մի կամ մի քանի երեխաների կողմից մեկ այլ երեխայի կամ խմբի ստորացմանը, ահաբեկմանը, նվաստացմանը միտված գործողություններն են։ Կիբեր բուլլինգը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ ֆիզիկական, վերբալ և հոգեբանական։
Մենք բոլորս կարող ենք ազդել այս երևույթի տարածման կամ կանխարգելման վրա։ Եթե մենք համացանցում հանդիպում ենք գրառում, որը պարունակում է բուլլինգի տարրեր, չպետք է տարածենք կամ մեկնաբանենք այդ գրառումը, այլ պետք է հաղորդենք դրա մասին (report)` զերծ մնալով մասնակից լինել բուլլինգին։