Արևելքի երկրների զարգացման բնորոշ գծերից է խարիզմատիկ առաջնորդության առկայությունը: Խարիզմատիկ առաջնորդը գտնվում էր իշխանական համակարգի կենտրոնում և պետք է ապահովեր հասարակական համերաշխությունը: Այս երևույթը շատ ցայտուն երևում է Թուրքիայի օրինակում. 1923թ.-ին ստեղծված թուրքական հանրապետությունն ի սկզբանե որդեգրել էր արևմտյան մոդելի կիրառությունը, ինչը պետք է հիմք դառնար զարգացած, ուժեղ հանրապետության հիմնման: Այս նախաձեռնությունը պետք է ապահովեր Թուրքիայի առաջընթացը և Թուրքիային հնարավորություն տար հավասրը հավասարի պես ուժային հարաբերությունների մեջ մտնել զարգացած արևմուտքի հետ:
Նման մոդելով և գաղափարներով էին առաջնորդվում արևելյան գրեթե բոլոր հասարակությունների առաջնորդները՝ բարեփոխիչները, ովքեր կրթություն էին ստացել արևմտյան դպրոցներում, ծանոթ էին արևմտյան զարգացման մոդելին, արևմտյան փիլիսոփայությանը և ազգայնականությանը: Նրանք վստահ էին, որ եթե արևմտյան զարգացման մոդելը կիրառեին սեփական հասարակություններում, ապա այդ հասարակություններն անպայմանորեն առաջընթաց կգրանցեին:
Թուրքիայի օրինակը շատ տիպային է, որովհետև այն հնարավոր է համեմատել արևելյան այնպիսի երկրների հետ, որոնք թվացյալ շատ մոտ էին արևմտյան մոդելի ուղիղ կիրառմամբ հաջողության հասնելուն: Օրինակ՝ Հունգարիան, որը սոցիալիստական ճամբարից դուրս գալուց հետո հռչակվեց եվրոպական երկիր, եվրոպական քաղաքակրթության մաս և պետք է եվրոպական մոդելի կիրառմամբ շատ արագ հաջողության հասներ, արդյունքում այն հանգեց արևելյան հասարակություններին բնորոշ զարգացման ճանապարհին: