Տոտալիտար երկրների յուրահատկություններից է այն, որ իրենց ծննդյան առաջին իսկ պահից սկսած, անկախ այն բանից, թե իրենք որքան են դաժան ու տոտալիտար, այլախոհությունը ծնվում է: Այդպիսի երկիր էր նաև խորհրդային միությունը, որի ծնունդից անմիջապես հետո՝ 1917-18թթ. սկսած, այլախոհական շարժումներ կային, բայց այդ շարժումներն ավելի շատ կոչվում էին հակասովետական, որովհետև նրանք իրենց առջև դրել էին սովետական միությունը կազմաքանդելու և ոչնչացնելու խնդիր: Ուստի 60-ական թվականների դասական այլախոհներին այդ կարգի հակախորհրդային ուժերից տարբերակելու համար մտցվեց այլախոհներ տերմինը:
Ստալինի մահից հետո համատարած բռնություններին փոխարինելու եկավ բռնության մի նոր ձև. բռնության ենթարկել միայն նրանց, ովքեր դեմ են արտահայտվում երկրի բարքերի ու կարգերի դեմ: Ստալինի ժամանակ բռնություները կամայական էին, ցուցակով, բոլորն էին ենթակա դատապարտման ու աքսորի, ցանկացած երկիր պետք է տար այսքան տոկոս մարդ բանտերի համար և տալիս էին, փաստաթղթերը կան և հրապարակված են:
Հայկական առաջին՝ 60-ականների դասական այլախոհների ամենագլխավոր խնդիրը եղեռնի օրը հիշելն էր: Նրանք կոչեր էիր անում թռուցիկների միջոցով, բանավոր խոսքով և այլն, իսկ Սովետական Հայաստանի իշխանություններն աշխատում էին այդ օրը մոռացության մատնելու համար տարաբնույթ միջոցառումներ կազմակերպել դպրոցներում ու հասարակական վայրերում՝ ապրիլի 24-ը հայտարարելով երիտասարդների օր, ծաղիկների օր կամ մեկ այլ բանի օր…