Play Video

Վահե Օշականը սփյուռքի ամենաանհարգալից, համարձակ ու հետաքրքիր բանաստեղծներից է: Գոյութենապաշտ (էքզիստենցիալ) գրողը ծնվել է Բուլղարիայում և իր կյանքի ընթացքում ապրել շատ տարբեր վայրերում` նույնիսկ մի քանի մայրցամաքում: Նրա կյանքը, աշխատություններն ու գրական գործունեությունը փոխկապակցված են, զարգանում են մեկը մյուսի հետ` նաև աշխարհագրական սփռվածության սփյուռքյան իմաստով: Վահե Օշականի ուղին հետաքրքիր առիթ է` մեկնաբանելու սփյուռքը Դելյոզյան և Դելանդյան իմաստով, թե ինչպես է ստացվում, որ մեկ վայրից մյուս վայր, մեկ աշխատությունից մյուս աշխատություն Վահե Օշականն արտադրում է տարբերություններ կամ դառնում է այն գործիքը, որի միջոցով սփյուռքն արտադրում է իր տարբերությունները` առանց նվազեցվելու կամ հավասարեցվելու ազգային-պետական գաղափարախոսությանը:

Օշականի աշխատություններում տարբերակման հիմնական երկու տարածք կարող ենք առանձնացնել`

  • Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Լինելով սադրող, արդի, համարձակ բանաստեղծ, Օշականը մինչև իր կյանքի վերջն անդամակցել է ինչ-որ իմաստով պահպանողական կուսակցությանը: Իր բանաստեղծությունների մեջ նա մի կողմից գովաբանում է Դաշնակցությունը` որպես սփյուռքում ինքնության առանցք, մյուս կողմից կուսակցությանը մոտենում է որպես սփյուռքյան կառույց` հեռացնելով այն իր ազգային սկզբնական մտածողությունից:
  • Քրիստոնեական տրամասությունը: Եկեղեցու, կրոնի և անհեթեթի առերեսման թեման շատ է կրկնվում Օշականի աշխատությունների մեջ. Նարեկացու, Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի շուրջ պատումները ներկայացվում են միստիցիզմի հետ հարաբերության մեջ: Անհեթեթը, քրիստոնեականությունը, միստիցիզմը Օշականի աշխատություններում միմյանց հետ առնչվում են սփյուռքյան ձևով:

Գրաքննադատները Օշականի գործերը հիմնականում մեկնաբանում են գոյութենապաշտական շրջանակի մեջ: Նա անշուշտ էքզիստենցիալ հեղինակ է, սակայն եթե սփյուռքը տեսաբանենք որպես տարբերակման վայր, նա նաև մի հեղինակ է, որը վերարտադրում է ավանդական կառույցներն ու պատումները, բայցև գիտակցաբար կամ անգիտակցաբար տարբերակումներ է ներմուծում, նույն քրիստոնեությունը կամ դաշնակցությունը հետաքրքիր իմաստով այլացնում է ու սփյուռքացնում: Սփյուռքի պատմությունն ու արխիվը հասկանալու համար անհրաժեշտ է ուշադրությամբ մեկնաբանել սփյուռքում գործած և գործող արվեստագետների աշխատությունները, հասկանալ` ինչպես են նրանք առնչվել սփյուռքի հետ, ինչպիսի տարբերակված, զանազանվող իրականությունների մեջ են մտել և հետքեր թողել: Դա կօգնի հասկանալ ոչ միայն սփյուռքի ներկան, այլև մեր գալիք ապագան` որպես սփյուռք և ազգ-պետություն ունեցող ժողովուրդ:

Դիտեք նաև՝

Search