Play Video
Երաժշտությունը ավանդույթի ու նորարարության միջև. Վահան Արծրունի

Երաժշտության մեջ ավանդականությունը պետք է դիտարկել ժամանակակից գեղագիտական մոդելի տեսանկյունից: Երաժշտական ավանդական տեսակներն այդքան էլ շատ չեն. ծիսական, տոնական, նեղ կիրառական ձևերն, անջատվելով իրենց սկզբնական նշանակություններից, այլևս ակտուալ չեն առօրյա կյանքում: Երաժշտության ավանդական ձևերը մեծ նշանակություն ցանկացած ազգի համար, քանի որ բնութագրում են դրա ուրույնությունը:Կոմիտասի նախաձեռնած գործընթացը ցույց տվեց, որ հայերն ուրույն երաժշտություն ունեն, որն արժեքավոր է համաշխարհային մշակույթի համար: Կոմիտասի բացահայտումն էր գեղջկական, ֆոլկլորային և հոգևոր երաժտության ներքին տրամաբանության ալգորիթմիկ ընդհանրությունը: Ժամանակակից հայ երաժշտության հիմքում, թերևս, որդեգրվեց ոչ թե կոմիտասյան մոդելը, այլ ռուսական երաժշտության զարգացման մի տարբերակ: Արամ Խաչատրյանի և խորհրդահայ մյուս կոմպոզիտորների գործը դիտարկելի է որպես ոչ թե հայկական, այլ խորհրդային դպրոցի օրինակ: Այս եղելությունն ազդում է ինքնագիտակցության վրա. մենք չգիտենք՝ գեղագիտական որ նշանի տակ պիտի ընկալվի մեր մշակույթը, և ինչ գեղագիտական տեսք պիտի ստանա կրթական մեթոդը: Մենք ականատես ենք տարրական տգիտության և մոլորվածության. մարդիկ լսում են սեփական ֆոլկլորը, սակայն չեն կարողանում տեսնել դրա կապը սեփական պատմության հետ:

***

Ռաբիս երգող ճաշարանային երգիչը որոշակի վաստակ ունի պետության համար և համապատասխան կոչում է ստանում: Որոշակի մթնոլորտ է ձևավորվում, որում ավանդականը՝ որպես ձև, այլևս ընկալվելու հնարավորություն չունի:

***

Հայի մշակութային տեսակը այն է, որն օժտված է սեփական պատմության գիտելիքներով և սեփական մշակութային բանաձևերի և դրսևորումների կրիչն է: Այդ բանաձևերը սահմանում են այն տարածքը, որ կարելի է հայկական մշակութային տիրույթ անվանել և տարբերել մյուս ազգերի մշակութային տիրույթներից:

***
Կոմիտասի ընկալումը հայկական միջավայրում միանշանակ չէր. բոլորը չէին ունակ Կոմիտասի աշխատանքն ամբողջովին ընկալել ու գնահատել: Զարմանալիորեն, իր ներկայացրած նյութը ավելի ընդունված էր եվրոպական և ասիական համատեքստերում, քան հայրենիքում: Դրանով էր պայմանավորված Կոմիտասի մեկուսացումը: Մեծ նշանակություն ուներ նաև պետականության բացակայությունը: Այսօր կա մարդկանց մի խումբ, որ իր վրա է վերցրել մշակութային սերնդափոխության խնդիրը, և մի այլ խումբ, որը տիրապետում է պետական բոլոր միջոցներից և աշխատում է հակառակ ուղղությամբ: Այս հակասության ներքո առավել կարևոր է դառնում, թե ինչպես ենք մենք ներկայանում միջազգային ասպարեզում: Ռեսուրսներն ու նյութերը անհասանելի են պատշաճ ներկայանալու համար:

Դիտեք նաև՝

Search