Մասնագիտական գրականության մեջ ուղեղային կենտրոններին զուգահեռ կիրառվում են մտքի ֆաբրիկա, հետազոտական կենտրոն, վերլուծական կենտրոն, իրավիճակային կենտրոն, փորձագիտական հանրություն և այլ հասկացություններ։ Ուղեղային կենտրոնների միասնական, համընդհանուր սահմանում գոյություն չունի, սակայն այն առավել ամբողջական կերպով արտացոլված է ՄԱԿ-ի փաստաթղթերից մեկում, որտեղ նշված է, որ ուղեղային կենտրոններ են համարվում այն կազմակերպությունները, որոնք անց են կացնում հետազոտություններ և տրամադրում են առաջարկություններ քաղաքականության տարբեր ոլորտների վերաբերյալ։ Ընդունված է համարել, որ զարգացած ուղեղային կենտրոնների հայրենիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ 2020 թվականին հրապարակված զեկույցի համաձայն` ԱՄՆ-ն ուղեղային կենտրոնների քանակով առաջատարն է․ ներկա պահին այնտեղ գործում է 2203 հետազոտական կենտրոն։
Հայաստանյան հետազոտական կենտրոնները կարելի է դասակարգել ըստ հետևյալ խմբերի՝
- Պետական, այսինքն՝ Կառավարությանն առընթեր
- Ոչ պետական կամ մասնավոր
- Միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ
- Բուհական
Հայաստանյան ուղեղային կենտրոնների ռազմավարական առաջնահերթություններն ընդգրկում են հիմնախնդիրների լայն շրջանակ՝ սոցիալական, տնտեսական, հումանիտար հետազոտություններ, սփյուռքի և հայագիտության հարցեր, մարդու իրավունքներ և քաղաքացիական հասարակություն, ինչպես նաև գլոբալ, ազգային և տարածաշրջանային անվտանգություն։