1890-ական թվականներին կանադացի գրաքննադատները դժվարանում էին քվեբեկցի գրողների արձակն ու պոեզիան ներկայացնել, քանի որ չէին կողմնորոշվում` արդյոք նրանց պետք է անվանել կանադացի, թե քվեբեկցի։ Պարզ էր` մի համակարգում, որը ներառում է փոքր մշակույթներ և գերմշակույթ, այս հեղինակները չեն կարող ամբողջովին պատկանել ո՛չ մեկին, ո՛չ մյուսին։
Էմիգրանտական գրականության առանձնահատկությունների մասին խոսելիս պետք է առանձնացնել երեք հիմնական նախադրյալ`
- դիցաբանական
- սոցիոլոգիական
- հոգեբանական
Գաղթականներին մարդիկ հաճախ բաժանում են երկու խմբի՝ նրանք, ովքեր ստիպված են հեռանում, և նրանք, ովքեր իրենց երկրում ունեն թե՛ աշխատանք, թե՛ շրջապատ, թե՛ կրթություն, սակայն միևնույն է հեռանում են: Պատերազմից, սովից, համաճարակից զատ` գոյություն ունեն նաև անձնական դրդապատճառներ, օրինակ` սեփական հայրենիքում պատկանելության զգացում չունենալը: «Տուն» հասկացության բացակայությունը հատկապես կարևոր է էմիգրանտ գրողների համար: Հաճախ նրանց չեն ընդունում սեփական երկրում, և հայրենիքը լքելուց հետո նրանք օտարական են դառնում թե՛ ներսում, թե՛ արտերկրում. Վլադիմիր Նաբոկովին դավաճան էին համարում ռուսները, Էլիֆ Շաֆաքին չէին ընդունում թուրքերը և այսպես շարունակ:
Երբեմն գրողներին հաջողվում է միմյանց հետ հաշտեցնել և նույնիսկ միավորել տարբեր մշակույթներ: Նաբոկովն ԱՄՆ-ում դասավանդում էր ռուս գրականություն և ամերիկացի ուսանողներին ծանոթացնում ռուս մեծ գրողների հետ, իսկ Խալեդ Հոսեյնին, չնայած նրան, որ ստեղծագործում է անգլերեն լեզվով, պատկերում է իրական կյանքն Աֆղանստանում` բոլոր դժվարություններով և կտտանքներով` երկրի մասին արևմտյան պատկերացումներն ընդլայնելով և կարծրատիպային ընկալումները կոտրելով: