Իր սկզբնավորումից հետո՝ շուրջ 260 տարի, հայկական տպագրությունը զարգացել է օտարության մեջ (Վենետիկում, Հռոմում, Լվովում, Նոր Ջուղայում, Կոստանդնուպոլսում, Ամստերդամում, Մադրասում և այլուր), սակայն ծառայել է Հայաստանին։ Այդ երկուսուկես դարի ընթացքում մտադրություններ, նաև փորձեր են եղել տպագրությունը հայկական հողում հաստատելու, սակայն միշտ մնացել են ապարդյուն՝ Հայաստանի քաղաքական անկայուն վիճակի և մշտական պատերազմների պատճառով։
Այդպիսի հնարավորություն ստեղծվեց XVIII դարի երկրորդ կեսին՝ Սիմեոն Երևանցու կաթողիկոսության (1763-1780 թթ.) օրոք: Այդ շրջանում թուրք-պարսկական պատերազմները դադարել էին, և Արարատյան դաշտն իր շրջակայքով մտնում էր Պարսկական պետության մեջ: Սիմեոն Երևանցին, դիվանագիտական մեծ հմտություններ գործի դնելով, կարողացավ խաների և փաշաների տիրապետությունից Էջմիածնին պատկանող մի շարք կալվածքներ ու գյուղեր վերադարձնել Մայր աթոռին:
Մադրասի հնդկահայ հարուստ վաճառական Գրիգոր Միքայելյան-Չաքիկյանը պատրաստակամություն հայտնեց հոգալ հայրենիքում կառուցվելիք տպարանի ծախսերը։ 1771 թ. Էջմիածնի տպարանը սկսում է գործել․ նորաստեղծ տպարանը կոչվել է Գրիգոր Լուսավորչի անվամբ: 1772 թ. սկսվում է Սիմեոն Երևանցու՝ 180 էջից բաղկացած գիրքի՝ «Զբօսարան հոգևորի» տպագրությունը։ Հաջորդող տարվա ընթացքում լույս է տեսնում նրա բանաստեղծությունների շարքը՝ «Տաղարանը»։ Սակայն Էջմիածնի տպարանի աշխատանքների համար մեծ խոչընդոտ էր թղթի սակավությունը․ այն բերվում էր Եվրոպայից և մեծ դժվարությունների ու ծախսերի հետ էր կապված: Սիմեոն Երևանցին որոշում է տեղում կառուցել թղթի գործարան, որի ծախսերը կրկին հոգում է Գրիգոր Միքայելյան-Չաքիկյանը։
Հաջորդ կաթողիկոսի՝ Ղուկաս Կարնեցու գահակալության օրոք տպագրված առաջին գիրքը Ժամագիրքն էր (1785 թ.), ինչն արդեն վկայում է Էջմիածնում տպագրական արվեստի լուրջ առաջընթացի մասին: Մինչև դարավերջ Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան տպարանը լույս է ընծայում Սաղմոսարան, Խորհրդատետր, Շարակնոց, իսկ 1793-ին՝ երկրորդ անգամ Սիմեոն Երևանցու «Տաղարանը»։
Դարավերջին տպարանի աշխատանքը շուրջ քսան տարով (մինչև 1818 թ.) դադարում է: Մինչև 1800թ․ Էջմիածնում տպագրվել է 13 անուն գիրք․ 7-ը՝ Սիմեոն Երևանցու, 6-ը՝ Ղուկաս Կարնեցու օրոք: Գրքերի այս քանակը, բնականաբար, մեծ նպաստ չի կարող համարվել հայ գրքի ստեղծման ու բազմացման ուղիներում․ շուրջ 1000 անուն հայերեն հնատիպ գրքերի մեջ այդ քանակը նշանակալից չէ: Չնայած այս ամենին, Էջմիածնի տպարանի դերը հայ մշակույթի պատմության մեջ պետք չէ թերագնահատել: Արդեն ինքնըստինքյան կարևոր է այն փաստը, որ պետականությունից զրկված Հայաստանը XVIII դարում դարձավ տպագրության երկիր: