Հանդերձյալ աշխարհի՝ դրախտի և դժոխքի մասին իսլամական պատկերացումների աղբյուրը Մուհամմադ մարգարեի «Գիշերային ճամփորդություն» լեգենդն է։
Մի գիշեր Մուհամմադի տան տանիքը ճեղքվում է, և այնտեղից իջնում է Գաբրիել (արաբերեն՝ Ջիբրիլ) հրեշտակը, բացում է Մուհամմադի սիրտը, երեք անգամ լվանում Զեմզեմ սուրբ աղբյուրի ջրով, ոսկյա թասով հավատ և իմաստություն լցնում կրծքավանդակի մեջ։ Ջիբրիլը Մուհամմադին հրահանգում է հեծնել թևավոր կենդանուն՝ Բուրակին, և հետևել իրեն։ Անցնում են Սինայով, Բեթղեհեմով, հասնում Երուսաղեմ, որտեղ Մուհամմադը ղեկավարում է բոլոր մարգարեների աղոթքը, և Բուրակին հեծնած՝ բարձրանում են երկինք։ Երկինքն ունի 7 շերտ, և ըստ լեգենդի՝ դրանից վերև ոչ մի մահկանացու չի գնացել։
Բայց Մուհամմադին տանում են ավելի բարձր, որտեղ տեսնում է կենաց ծառը, ավելի վեր՝ ճակատագիր գրողներն են, իսկ ամենավերևում նա տեսնում է Ալլահին։ Աստված հանձնարարում է, որ Մուհամմադի ժողովուրդը աղոթի օրը 50 անգամ։ Մուհամմադն իջնում է, հանդիպում Մովսեսին, որն ասում է՝ անհնար է այդքան աղոթել, իր ժողովուրդը նույնպես չդիմացավ, և հորդորում է Մուհամմադին գնալ խնդրել, որ Աստված կրճատի թիվը։ Ամեն այցին 10-10 պակասեցնելով՝ վերջում հանձնարարում է օրական 5 աղոթք (մինչև հիմա պահպանվում է մահմեդականների շրջանում): Այնուհետև Մուհամմադին ցույց են տալիս դրախտն ու դժոխքը, որից հետո՝ վերադարձնում երկիր։
Պետք է հաշվի առնել, որ նկարագրված դրախտը անապատի բնակչի պատկերացրածի արդյունք է։ Արաբերեն ջաննա կամ պարսկերենից փոխառված ֆիրդոուս բառերը նշանակում են ցանկապատված այգի, որն էլ հենց դրախտն է։ Քանի որ անապատում շատ շոգ է, անապատի բնակչի պատկերացրած դրախտը նկարագրվում է որպես երանելի, կենարար, զով տարածություն։ Դրախտի բնակիչները սով չեն զգում, սակայն կան նաև պտղատու ծառեր։ Ըստ իսլամական նկարագրության՝ դրախտում լինելու են երբեք չծերացող պատանիներ, որոնք գինի են մատուցելու դրախտի բնակիչներին։
Ղուրանում ասվում է, որ դրախտում տղամարդկանց կսպասեն ոչ միայն իրենց կանայք, այլև հուրիներ՝ սևաչ, ոչ երկրային նորահաս աղջիկներ։ Հանուն կրոնի զոհվածներին՝ շահիդներին, սպասում է 72 հուրի, իսկ ոչ շահիդներին՝ 27 հուրի, որոնց թիվը կարող է կրճատվել կախված մեղքերից։ Մահմեդական կանանց անհանգստացնում է հուրիների ներկայությունը դրախտում, նրանք ասում են, որ Աստված անարդար է։ Սակայն ըստ նկարագրության՝ դրախտում կանայք միևնույնն է զուրկ են լինելու խանդի զգացումից։
Իսկ իսլամական դժոխքը պատկերվում է որպես անմար կրակների տարածություն, որտեղ եռացող ջրով կաթսաներում մարդիկ խեղդվում են։