Play Video

Ցանկացած մշակույթ իր մեջ ունի ենթամշակույթներ, և եթե նույնիսկ այդ ենթամշակույթը լայն առումով բացասական է՝ մոտ է քրեական կյանքին, միևնույնն է այդ ենթամշակութային խոսվածքները (ժարգոնները) ունեն բանագիտական կարևոր արժեք և դրանց հետազոտությունն ունի մշակութաբանական նշանակություն։ 

Ինչպե՞ս քրեական ենթամշակույթը ձևավորվեց քաղաքացիական միջավայրում

Խորհրդային միության շրջանում 1953 թվականին հատուկ պետական հրամանագրով ազատ արձակվեցին 10 միլիոնից ավելի բանտարկյալներ և մուտք գործեցին քաղաքացիական միջավայր։ Այդ անձինք չկարողացան հրաժարվել ազատազրկման վայրում ձեռք բերած շատ հասկացություններից և սկսեցին նույնը կիրառել քաղաքացիական կյանքում։
Այս ենթամշակույթին բնորոշ է որոշակի ժարգոն, որը կազմված է հստակ ձևակերպված հասկացություն կրող բառերից։ Այդ հասկացությունները ենթադրում են որոշակի վարվելակարգային նորմեր և պարտադիր են դառնում դրա կրողների համար։

Խորհրդային Հայաստանում շատ անվստահելի վերաբերմունք էր տիրում դատական և ոստիկանական համակարգի գործունեության նկատմամբ, դրա համար էլ նախկին բանտարկյալ հեղինակությունները սկսեցին տարածել արդարության նոր բանաձև։ Ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը որոշվում էր իրենց հասկացությունների համակարգով։ Պետական մարմիններին դիմելը ավելի մեծ քաշքշուկ, ֆինանսական կորուստ էր առաջացնում, ուստի տարբեր միջադեպերում տուժող մարդիկ նախընտրում էին թաղերում հիմնավորված հեղինակությունների օգնությանը դիմել։  

Այս ենթամշակույթի էթիկան պարտադրում էր յուրաքանչյուր արարքի համար հիմնավոր պատասխան տալ, հաշվետու լինել, հակառակ դեպքում պատժում էր։ Սա նվազեցնում էր անսահմանափակ անկարգությունը, այսպես կոչված беспредел-ը։ Ըստ ենթամշակույթի՝ հիերարխիայի վերևում հեղինակություններն են, որոնք շարժվում են բացառապես ենթամշակույթի հասկացություններով։ Երկրորդ շերտը հասարակ ժողովուրդն է, որը թեև չի ապրում այդ ենթամշակույթի նորմերով, սակայն լիովին ընդունում է նույն հասկացությունները։ Հայկական բանտային միջավայրում նրանց անվանում էին հարիֆներ, առանց ստորացուցիչ իմաստ հաղորդելու։ 

Անկախ Հայաստանի հիմնավորումից հետո վերոնշյալ ենթամշակութային կազմավորումները շարունակում են գործել։

Դիտեք նաև՝

Search