Տիեզերքի չափերը նկարագրելու համար այնպիսի թվեր են օգտագործվում, որոնք պատկերացնելը գրեթե անհնար է։ Զրոների և, առհասարակ, թվերի մասին պատկերացում կազմելու համար կարող ենդ դիտարկել հետևյալ օրինակը՝
1․000․000 վայրկյան = 11 օր
1․000․000․000 վայրկյան = 32 տարի
1․000․000․000․000 վայրկյան = 32.000 տարի
Երկրագունդը տիեզերքում համեմատաբար ոչ մեծ օբյեկտ է, որի չափերը 12000 կիլոմետր են, Երկրից Լուսին հեռավորությունը 380000 կիլոմետր է, իսկ տիեզերական մնացած օբյեկտներն արդեն այնքան հեռու են, որ կիլոմետրերով չափումներ անելիս շատ մեծ թվեր են ստացվում։ Հետևաբար, աստղագետները նոր միավոր են մտցրել՝ օգտագործելով լույսի արագությունը, որը 300000կմ/վ է։
Տիեզերական օբյեկտների միջև հեռավորությունը չափում են լուսատարիներով, որը լույսի անցած հեռավորությունն է մեկ տարում։ Երկրից Լուսին լույսը հասնում է մոտավորապես 1 վայրկյանում, Երկրից արև՝ 8 րոպեում, իսկ մոտակա աստղի լույսը մեզ է հասնում 4․2 տարում։ Մեր գալակտիկան կամ Ծիր Կաթինը աստղերի ահռելի համակարգ է, որն իր մեջ ներառում է միջինում 100-200 միլիարդ աստղ։ Գալակտիկայի հաստությունը մոտավորապես 15000 լուսատարի է, լայնությունը՝ 100000 լուսատարի։ Մեր գալակտիկան միակը չէ, և գալակտիկայի կույտի մի մասն է կազմում, որն իր հերթին մի քանի տասնյակ միլիոն լուսատարի չափեր ունի։