Play Video
Սողոմոն Թեհլիրյանի դատավարության արձագանքները մամուլում | Նելլի Աբրահամյան

«Հատուկ գործը» կամ «Նեմեսիսը» գաղտնի գործողություն էր, որի հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և ոճրագործներին հայտնաբերելն ու պատժելն էր։ Ամենայն հավանականությամբ, գործողության հետ կապված որոշումը կայացվել է 1919 թվականին՝ ՀՅԴ 9-րդ ժողովի ընթացքում։ Այնուամենայնիվ, քանի որ «Նեմեսիսը» գաղտնի գործողություն էր, այս պահին որոշման մասին որևէ փաստաթուղթ անհնար է գտնել։ 1920 թվականին ԱՄՆ ՀՅԴ ընդհանուր ժողովի ընթացքում որոշում է կայացվում, որ պետք է ստեղծվի առանձին մարմինը, որը պատասխանատու կլինի ֆինանսական հարցերով։ Գործողության հետևում կանգնած էին Արմեն Գարոն՝ Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում, Շահան Նաթալին՝ գործողության գաղափարական հայրը, ում օպերատիվ հարցերով աջակցում էր Գրիգոր Մերջանովը։ Նախատեսված էր նաև ֆինանսական հարցերով պատասխանատու, որը Ահարոն Սաչագլյանն էր, իսկ հետախուզական մարմնի պատասխանատուն Հրաչ Փափազյանն էր։

«Հայրենիք» և «Ճակատամարտ» թերթերը մեծ կարևորություն ունեն մամուլում «Նեմեսիս» գործողությունը լուսաբանելու և արձագանքներ ստանալու տեսանկյունից։ Թալեաթ Փաշայի սպանությունը գործողության ամենաակնառու դրվագներից էր։ Հետաքրքրական է, որ այս երկու թերթերը գործողության կազմակերպչական արևմտյան և արևելյան կենտրոններն էին։ Այս շրջանում լույս տեսած հոդվածները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ սպանության/դատավարության մանրամասներ, հանգանակությունների մասին տեղեկատվություն և Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութեր։ Ժամանակ առ ժամանակ տարածվում էին նաև ապատեղեկատվություններ, որոնք, գուցե, ստրատեգիական նշանակություն ունեին։ Հետաքրքիր է նաև, որ մամուլի միջոցով տեղի էր ունենում դրամահավաքություն, և նվիրատվություններն ուղղվում էին գործողության ծախսերի իրականացմանը։ Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը ոչ միայն ահռելի արձագանք գտավ հայության շրջանում, ձեռք բերելով արդարության վերականգնման արժեք, այլև մեծ ազդեցություն ունեցավ Ռաֆայել Լեմկինի՝ «ցեղասպանություն» տերմինը ստեղծելու գործում։

Դիտեք նաև՝

Search