Տարիներ շարունակ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը եղել է ոչ թիրախավորված և չի արձագանքել մարդկանց բոլոր կարիքներին։ Սա պայմանավորված է եղել մի շարք համակարգային խնդիրներով։ Առաջին հերթին դա հանրային կառավարման համակարգն է։ Հայաստանում գործում է կառավարման երեք մակարդակ՝ պետականը, մարզայինն ու տեղականը, և դրանցից յուրաքանչյուրը սոցիալական ոլորտում տարբեր ծառայություններ է մատուցում և տարբեր լիազորություններ ունի։ Երկրորդը ոլորտային պլանավորումն է, որից հաճախ դուրս են մնում անհատի կամ որոշալօ խմբերի խնդիրները։ Մյուս խնդիրը ծառայությունների ծածկույթն է և համագործակցությունը ՀԿ-ների հետ, որն անհավասար է տարբեր մարզերում։ Հաճախ ծառայությունները կապվում են ենթակառուցվածքների հետ, և վերջիններիս բացակայության պարագայում այլընտրանքային լուծումներ չեն փնտրվում։ Պետք է նաև նշել, որ ծառայությունները հաճախ լինում են արձագանքող բնույթի, ոչ թե կանխարգելիչ։ Վերջին խնդիրը սոցիալական պլանավորման ու տնտեսական պլանավորման միջև կապի բացակայությունն է․ սոցիալական ոլորտը դիտարկվում է որպես բյուջեի «պարզապես ծախս»։ Սակայն, միջազգայնորեն ապացուցված է, որ սոցիալական ոլորտի ներդրումները բերում են մարդկային կապիտալի զարգացմանը՝ որակյալ աշխատուժի ձևավորմանը, և հետագայում՝ տնտեսական աճի։
2010թ․ Հայաստանն անցել է ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխմանը, որոնք ենթադրում են մարդակենտրոն մոտեցում, ըստ որի գնահատվում են անհատի կարիքները, և ըստ դրանց մատուցվում են ծառայությունները։ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգն ունի 5 բաղադրիչ՝
- Միասնական ընդունարան, որում մեկտեղված են տարբեր ծառայություններ՝ զբաղվածություն, բժշկա-սոցիալակն փորձաքննություն, կենսաթոշակային բլոկ և այլն։
- Միասնական տեղեկատվական համակարգ
- Դեպքի վարում և անձի համալիր կարիքների գնահատում
- աջակցող ցանց և միջգերատեսչական համագործակցություն
- տեղական սոցիալական պլանավորում, որն ինտեգրված է ընդհանուր համակարգում։
Դեպք վարողը գնահատում է տարբեր անձանց կարիքներ և խմբավորում է դրանք։ Դրա հիման վրա եզրակացություն է արվում՝ արդյոք անհրաժեշտություն կա որոշակի ծառայության հենց այդ կարիքների համար։ Դրա հիման վրա կազմվում է տեղական սոցիալական ծրագիր, որին հետագայում ուղղորդվում են շահառուները։ Տեղական սոցիալական պլանավորումը ենթադրում է ինչպես պետական գերակայությունները, այնպես էլ տեղական առանձնահատկությունները հաշվի առնելը։
Տեղական սոցիալական պլանավորման մեթոդաբանությունը մշակվել է 2012թ․ Յունիսեֆի կողմից՝ ընդհանուր բարեփոխումների ներքո։ Մշակվել են կոնկրետ քայլեր, թե ինչպես պիտի ձևավորվեն տեղական սոցիալական ծրագրերը, և իրականացվել է պիլոտային ծրագիր։ Ծրագրի սկզբում կատարվել էր իրազեկում, թե ինչ է ենթադրում այս մեթոդաբանությունը։ Մարզպետի կողմից նշանակվել էր աշխատանքային խումբ, որում ընդգրկվել էին տարբեր ոլորտներ ներկայացնող մասնակիցներ։ Խմբի կողմից գնահատվել էին սոցիալական կարիքների ողջ սպեկտրը՝ ըստ տեսակների և սոցիալական խմբերի։ Այնուհետև կարիքները դասվում են ըստ առաջնահերթությունների՝ խորության, հրատապության, առկա լուծումների և բացերի։ Քարտեզագրվում են բոլոր ծառայությունները, որոնք մատուցվում են համայնքում, և համադրվում են կարիքների հետ։ Կատարվեցին վերապատրաստումներ, և դասընթացների արդյունքում մշակվեց 22 համայնքային սոցիալական ծրագիր և 4 մարզային սոցիալական ծրագիր։