Play Video
Սոցիալական շարժումներ. Օլյա Ազատյան

Երկրորդ աշխարհամարտից հետո սկսված և 1960-ններից շարունակվող և զարգացող խորքային տրանսֆորմացիաները (այդ թվում ԱՄՆի քաղաքացիական իրավունքների և հակա-պատերազմական դիսկուրսը, եվրոպական ուսանողության շարժումները, արևելյան և արևմտյան Եվրոպայի պրո-դեմոկրատական մոբիլիզացիաները, կանանց իրավունքների և բնապահպանական շարժումների սաղմնային արտահայտությունները) առաջ բերեցին նոր աշխարհակարգ:

Անհրաժեշտություն առաջացավ ներքաղաքական, հասարակական և սոցիալական գործընթացների համակարգված և համեմատական ուսումնասիրություն՝ հասկանալու համար թե ինչու, ինչպիսի միջավայրում, ինչպես է առաջանում հանրային մոբիլիզացիա, որոնք են դրա դրսևորման ձևերը, շրջանակները և բովանդակությունը: Սոցիալական շարժումները հասարակական գիտությունների միջդիսցիպլինար ուսումնասիրության կարևոր բաղադրիչներից դարձան: Ուսումնասիրությունների հիմնական չորս հարցերն էին.

  • Արդյոք կարո՞ղ ենք համարել սոցիալական շարժումները կոնֆլիկտի արտահայտման ձև:
  • Ինչպե՞ս են անհատ սոցիալական դերակատարները միավորվում՝ սահմանելով խմբային ՄԵՆՔ-ը:
  • Ինչպե՞ս են արժեքները խմբային գործողություն դառնում :
  • Ինչպե՞ս են սոցիալական, քաղաքական և մշակութային միջավայրերը ազդում սոցիալական շարժումների բովանդակության վրա:

Առաջ եկան սոցիալական շարժումներին վերաբերող մի շարք տեսություններ, որոնցից առաջինը «խմբային վարքի տեսությունն» էր: Այս տեսությունը սոցիալական շարժումները դիտարկում էր հոգեբանության տեսանկյունից ու ներկայացնում էր իբրև մարգինալ, ոչ «նորմալ» խմբերի ակտիվության պոռթկումների արդյունք:

Հաջորդը «ռեսուրսների մոբիլիզացիայի տեսությունն» էր, որը սոցիալական շարժումները դիտարկում էր իբրև հասարակա-քաղաքական խնդիրների լուծման համար ձեռնարկված ռացիոնալ գործունեություն: Կարևորվում էր նյութական ռեսուրսների կարևորությունը, առանց որոնց շարժումը կայանալ չէր կարող:

«Նոր սոցիալական շարժման տեսությունը» ավելի ընդգրկուն սահմանեց սոցիալական շարժումները: Ընդգծվեց նորի,  պատմական փոխված համատեքստի կարևորությունը, հրաժարումը հոգևորից և պրագմատիզացումը, գիտակցված հրաժարումը քաղաքական կուսակցություններից: Փոփոխությունների տեսակը ձգտում է քաղաքակրթականի՝ ուղղված հենց քաղաքակրթությանը բնորոշ արժեքներին: «Քաղաքական գործընթացների տեսությունն», իր հերթին, սոցիալական շարժումները դիտարկում է իբրև քաղաքական գործընթացների դրսևորում:

Հայաստանյան իրականության մեջ հարկավոր է առանձնացնել այս էական հարցերը և փորձել պատասխաններ գտնել դրանց: Ո՞րն է Հայաստանում ընթացող կոնֆլիկտը և, արդյոք հասարակակա՞ն բնույթի է այն: Արդյոք մշակութայի՞ն թե քաղաքական են սոցիալական շարժումները Հայաստանում: Պրոգրեսի՞վ թե ռեգրեսիվ են այս շարժումների կողմնորոշումները: Արդյոք գոյություն ունի՞ սոցիալական շարժումների ներքին մշակույթը Հայաստանում:

Դիտեք նաև՝

Search