Գլոբալ տնտեսական դաշտը լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Առաջին հերթին ակտուալ են այն հիմնախնդիրները, որոնք առանցքային են տնտեսական համակարգի համար և որոնք խախտում են համակարգի աշխատանքը: Երկրորդն այն հետևանքներն են, որ մենք բոլորս «ըմբոշխնում» ենք՝ գլոբալ էկոլոգիական աղետը և այլն: Համակարգը հիմնված է բնական հանածոներից ստացած էներգիայի վրա, դա բերում է անսկայունության՝ պարբերական վերելքների և անկումների:
Սոցիալական ձեռնարկատիրությունը նոր համակարգ է հայաստանյան իրականության համար: Համայնքային տնտեսական զարգացման այս ծրագրերը վաղուց կիրառվում են Սկանդինավիայում, Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում: Դասական բիզնես-մոդելը հիմնված է նվազագույն ծախսերով առավելագույն շահ ստանալու սկզբունքի վրա: Այս սկզբունքը փոխարինելու շրջանառության մեջ մտավ մի այլ եզր՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը: Դրանով կորպորացիաները պատասխանատու են դառնում այն համայնքների համար, որոնցում դրանք աշխատում են:
Սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքների համաձայն բիզնեսով զբաղվող անհատն իր բիզնեսի մոդելը սոցիալական պատասխանատվությամբ է կառուցում. անգամ առանց շահույթի աշխատելու դեպքում դրանում լուծվում է սոցիալական որևէ խնդիր: Այս մոտեցման տարբերություն սովորական մոտեցումներից այն է, որ սոցիալական կողմը հաշվի էր առնվում դեռևս բիզնես մոդելի կառուցման փուլում, ոչ թե հետադարձ կարգով: Կազմակերպությունները նաև իրենց շահույթի որոշ տոկոսը վերադարձնում են համայնքին: Այս մոտեցումը կայուն լուծում է առաջարկում համայնքային խնդիրների լուծմանը, ինչը դառնում է կազմակերպության մոտիվացիան և գերնպատակը:
Սոցիալական ձեռնարկատիրության կոնցեպցիան խզման մեջ է մտնում այդ ոլորտի մասին մեր պատկերացումների հետ. այն «այլ» է, իսկ «այլը» երբեմն պիտի մարտնչելով գտնի իր տեղն այս հասարակության մեջ: