Թարգմանչական գործի թերևս ամենակախարդական, չբացահայտված և հետաքրքիր ոլորտներից մեկը՝ սինխրոն կամ համաժամանակյա (համընթաց) թարգմանությունն առաջին անգամ օգտագործվել է 1920-ական թվականներին Փարիզի խաղաղության համաժողովի ժամանակ։ Այնուհետև նաև կիրառվել է 1945-1946 թվականներին հայտնի Նյուրնբերգյան դատավարության ընթացքում։ 1970-ականներից սկսած համաժամանակյա թարգմանությունը լայն տարածում է գտել. հաջորդական թարգմանության համեմատ այն հստակ առավելություններ ունի` միանգամից մի քանի լեզվով թարգմանության հնարավորություն, բանախոսի խոսքի անընդհատություն, ժամանակի խնայում և այլն: Համավարակից հետո սինխրոն թարգմանությունը տարածվեց նաև Zoom հարթակում` դառնալով ավելի մատչելի:
Սինխրոն թարգմանությունը համարվում է ուղեղի համար ամենածանր աշխատանքներից մեկը. դրա ընթացքում մարդու ուղեղը կատարում է մոտավորապես 60 գործառույթ: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ գոյություն չունի ուղեղի կոնկրետ մի հատված, որը հենց վերահսկում է սինխրոն թարգմանությունը: Այստեղ ներգրավված են ոչ միայն այն հատվածները, որոնք պատասխանատու են լեզվի համար, այլև նույնիսկ աջ կիսագունդը, որն ընդհանրապես կապ չունի խոսքի գործառույթի հետ: Շատ մեծ դեր ունի այս գործընթացքում ուղեղի Բրոկայի կենտրոնը, որը պատասխանատու է աշխատանքային հիշողության և ուշադրության համար: Համաժամանակյա թարգմանությունը կատարվում է ուղեղի մի քանի հատվածների ներդաշնակ, միաժամանակյա, ակնթարթային համագործակցության արդյունքում: Նեյրոգիտության դոկտոր և հոգելեզվաբան Տատյանա Չեռնիգովսկայան ՄԱԿ-ի սինխրոն թարգմանիչների աշխատանքի ժամանակ արված մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի պատկերներն ուսումնասիրելիս զարմանք էր արտահայտել, թե ինչպես են այս մարդիկ առհասարակ կենդանի մնում. այդ պատկերներում ուղեղն ուղղակի բոցավառվում է։