Չնայած բարեփոխումներին միտված օրենսդրական դաշտի առկայությանը՝ իրական կիրառման ժամանակ ի հայտ եկած թերացումները մեծապես խոչընդոտեցին դպրոցների արդյունավետ կառավարման համակարգի ստեղծմանը: Դպրոցների կառավարման ապակենտրոնացման քաղաքականությանը, ի վերջո, չհաջողվեց մեծացնել համայնքի ներգրավվածությունը դպրոցի կառավարման գործում:
Ներկայումս հանրակրթական դպրոցների կառավարման համակարգում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Կարևորագույն խնդիրներից է, թերևս, դպրոցի տնօրենի պաշտոնի հիմնականում քաղաքականացված բնույթը և տարածքային կառավարման մարմինների չափազանց մեծ ազդեցությունը դպրոցի վրա: Ի սկզբանե հասարակությունը պատրաստ չէր լիովին ընկալելու խորհուրդների միջոցով դպրոցների կառավարման բնույթը, ինչը հանգեցրեց նրան, որ կառավարման խորհուրդները հիմնականում ձևական բնույթ են կրում: Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ կառավարման խորհրդի անդամների համար վերապատրաստումներ իրականացվել են ընդամենը մեկ անգամ համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Կրթության ֆինանսավորում եւ կառավարման բարեփոխումներ» ծրագիրի շրջանակներում: Կառավարման խորհորդների ներկայիս կառուցվածքը չի ապահովում խորհուրդների անկողմնակալությունը: Խորհուրդը բաղկացած է 8 անդամից՝ 4 անդամ նշանակվում է լիազոր մարմինների կողմից, 2-ական անդամներ մանկավարժական և ծնողական խորհուրդներից: Տարածքային կառավարման մարմինները խորհրդի անդամ են նշանակում հաճախ այնսպիսի մարդկանց, ովքեր հետապնդում են իրենց նեղ շահերը: Համայնքի և ծնողների ներգրավվածությունը բավարար չէ, մանկավարժական և ծնողական խորհուրդներում չընդգրկված մանկավարժները և ծնողները խորհրդում ընդգրկվելու հնարավորություն չունեն (ինքնաառաջադրման մեխանիզմի բացակայություն):
Մեկ այլ խնդիր է նաև այն, որ անդամների համար կրթական ցենզ սահմանված չէ, անդամների իրավունքներ և պարտականություններ ամրագրված չեն: Կառավարման խորհրդի ցածր պատասխանատվությունն ու դերը տնօրենին դարձնում են միանձնյա որոշում կայացնող: Չնայած այն հանգամանքին, որ կառավարման խորհուրդը ընտրում է տնօրենին ներկայացված զարգացման ծրագրի հիման վրա՝ կառավարման խորհուրդը ծրագրի կատարման մասով պատասխանատվություն չի կրում: Մեկ այլ խնդիր է, որ կառավարման խորհուրդը հասանելի և հաշվետու չէ համայնքին, որոշումները չեն հրապարակվում: Կառավարման խորհրդի անդամներին տվյալ դպրոցում և համայնքում հիմանակնում չեն ճանաչում: Կառավարման խորհրդի, դպրոցի տնօրենի, հաստատության խորհրդակցական մարմինների, այլ շահագրգիռ կողմերի միջև գործընկերության մշակույթը էական զարգացման կարիք ունի: Կառավարման խորհրդի անդամները որպես կանոն մոտիվացված և նախաձեռնող չեն:
Զեկույցի գրավոր տարբերակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝ TextforBoonTV
Սույն նյութի հեղինակը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստան (YES Armenia) մասնակից է: Նյութի բովանդակությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես ԵՄ կամ Երիտասարդ փորձագետների ծրագիր Հայաստանի տեսակետ: