1948 թվականին սկսվում է կիսահաղարդչային էլեկրոնիկայի զարգացման բուռն ժամանակաշրջանը։ Սակայն, 60-ական թվականների կեսերին մի խումբ գիտնականներ սկսում են արդեն ուսումնասիրել ցածր չափային կիսահաղորդիչները, և առաջին փորձարարական արդյունքները կապված նանոհամակարգերի հետ ֆիքսվում են հենց այդ ժամանակաշրջանում։
Նանոթաղանթներում մասնիկները ձեռք են բերում քվանտային հատկություններ, և այդ մասնիկների էներգիան չի կարող փոխվել անընդհատ կերպով։ Անմիջապես հասկանալի է դառնում, որ չափսերը փոխելով կարելի է այդ ընդհատ մակարդակների հեռավորությունները փոխել, իսկ հեռավորությունը փոխելով փոխվում է ամբողջ ֆիզիկան։ Ստացվում է, որ հնարավոր է կառավարելի կերպով մեծացնել կամ փոքրացնել այդ նանոհամակարգերի չափսերը, և ելքում ստանալ ամբողջովին նոր արդյունքներ։
70-ական թվականներին գիտնականներին հաջողվում է աճեցնել քվանտային լարեր, իսկ արդեն 80-ականների սկզբին՝ ստեղծել քվանտային կետերը, որոնք, ըստ էության, արհեստական ատոմներ էին։ Գիտնականները շատ արագ հասկացան, որ մասնիկների վարքը էապես պայմանավորված է նանոչափային բյուրեղիկների երկրաչափական ձևով։ Քվանտային տեխնոլոգիաները ներթափանցում են ամենուր, իսկ քվանտային տեսությունը ժամանակակից էլեկտրոնային սարքաշինության հիմքում է։ Այն պետությունները, որոնք այսօր կկարողանան այս ուղղություններով կատարել լուրջ ներդրումներ, հետագայում կունենան չափազանց մեծ առավելություն։ Հայաստանում այդ ուղղության զարգացումն ու հետազոտություններին զարկ տալը նույնպես առաջնային կարևորություն ունի։