Play Video
Պետություն – մասնավոր գործընկերություն | Ելենա Խաչվանքյան

Չկա բոլորի կողմից ընդունված միասնական սահմանում, թե ինչ է ՊՄԳ-ը:

ՊՄԳ-ները ենթակառուցվածքների և դրանց հետ կապված հանրային ծառայությունների մատուցման համար կնքված պայմանագրերն են մասնավոր եւ հանրային կողմերի միջև, որտեղ մասնավոր գործընկերը կրում է ռիսկերի զգալի մասը եւ կառավարման պատասխանատվությունը։

Մասնավոր-հանրային համագործակցությունը կարող է բազմաթիվ ձևաչափեր ունենալ ենթակառուցվածքի սեփականության, նախագծման, կառուցման, շահագործման ֆինանսավորման գործառույթների համադրությամբ։ Ոչ բոլորն են դրանցից համապատասխանելու ՊՄԳ չափանիշներին, որոնց մասին կխոսենք ավելի ուշ։

Լավագույն դրսևորմամբ ՊՄԳ-ները բարելավում են ծրագրերի արդյունքները՝ ծառայեցնելով մասնավորի եւ կառավարության գիտելիքները եւ հմտությունները, իսկ վատագույն դրսևորմամբ առաջացնում են գերածախսեր, որոնք հաճախ ընկնում են հարկ վճարողների ուսերին։

Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ լավ մշակված ինստիտուցիոնալ եւ օրենսդրական դաշտի պայմաններում ՊՄԳ-ները կարող են էական օգուտներ բերել պետությանը։

Ավելին, հաջող ՊՄԳ-ների փորձ ունեն այն երկրները, որոնք հիմնվում են ամուր օրենսդրական դաշտի վրա, որի հիմքով ՊՄԳ ձևաչափով նախագծվում և իրականացվում են այնպիսի ծրագրեր, որոնք ստեղծում են փողի դիմաց արժեք և չեն ավելացնում հանրային կողմի ռիսկերը։ Լայն կիրառություն ՊՄԳ-ները հանրային ներդրումների բնագավառում ստացել են Մեծ Բրիտանիայում, Չիլիում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ավստրալիայում, Հարավային Կորեայում և այլն:

Ամենուրեք կառավարությունները հանդիպում են սեփական ուժերով իրականացվող ծրագրերի անարդյունավետության օրինակների՝ բախվելով ֆինանսական խնդիրների։

Պետություն Մասնավոր Գործընկերության միջոցով արդյունավետության ապահովումը տեղի է ունենում հետևյալ  հիմնական ճանապարհներով՝

1․ Առաջին հերթին ընտրվում են լավագույն ծրագրերը։ Եթե ծրագիրը ունի բարձր ռիսկայնություն և չի ապահովի անհրաժեշտ շահութաբերության մակարդակը, ամենայն հավանականությամբ մասնավորը չի հետաքրքրվի այդ ծրագրով:

2․ Կառուցումը, սպասարկումը եւ շահագործումը միավորելով մեկ ծրագրում հնարավոր է օպտիմալացնել ծառայության կամ ապրանքի ողջ կենսապարբերաշրջանի ծախսը։ Օրինակ, եթե մասնավորը պետք է ապահովի ամբողջ ցիկլի համար լավագույն շահութաբերություն, նա կընտրի ներդրումների այն տարբերակը, որը կպահանջի համապատասխանաբար սպասարկման ամենաօպտիմալ ծավալը, ինչը իր հերթին կնշանակի որակյալ ենթակառուցվածք:

3․ Արդյունավետության երրորդ աղբյուրը ՊՄԳ ի հիմնաքարերից է. դա ռիսկերի բաշխումն է այն սկզբունքով, որ ռիսկը կրում է այն կողմը, որը ի վիճակի է լավագույնս այն կառավարել, ինչը նույնպես բերում է ծախսերի կրճատմանը եւ պետության վրա ընկած ընդհանուր ռիսկերի նվազեցմանը:

4․ Երբ պայմանագրի առարկան վերջնական ծառայությունն է, այլ ոչ թե մուտքային ռեսուրսները, հնարավոր է դառնում գործածել իննովացիոն մոտեցումներ տվյալ պահանջարկը բավարարելու համար:

5․ ՊՄԳ կոնցեպցիան թույլ է տալիս վճարումները կամ տույժերը կապել կատարողական ցուցանիշների հետ՝ որակական, քանակային կամ ժամանակային։ Այստեղ պետության դերը կլինի ծրագրի նախագծման փուլում մշակել նման ցուցանիշների լիարժեք համակարգ և հետագայում հետևել ծրագրի կատարողական ցուցանիշներին։

Համաշխարհային պրակտիկայից կարելի է բերել արդյունավետության բարձրացման հետեևյալ օրինակները.

Էներգետիկայում՝ կորուստների նվազում, արտադրողականության ավելացում, ծառայությունների որակի բարելավում:

Ջրամատակարարման ոլորտում՝ հասանելիության ցուցանիշների բարելավում, կորուստների նվազում, սպառողների վճարների հավաքագրման բարձրացում:

Օրինակ, Սինգապուրը լայնորեն կիրառեց ՊՄԳ-ները ջրամատակարարման ոլորտում, ինչը բերեց ոչ միայն դրան, որ երկիրը դարձավ ինքնաբավ խմելու ջրի կարիքները բավարարելու հարցում, այլև մշակվեցին այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք այժմ լայն տարածում ունեն աշխարհում։

Մասնավոր հատվածի փորձը, տեխնոլոգիաները եւ իննովացիաները թույլ են տալիս հանրությանը հասցնել ավելի որակյալ ծառայություններ՝ գործառնական ավելի բարձր արդյունավետությամբ։

Հանրային գործընկերոջ դերը խթանել նախագծերի կատարումը ճիշտ ժամանակին և պայմանագրով սահմանված չափանիշներին համապատասխան։

Իննովացիաներն են, որ կարող են գտնել լուծում մարտահրավերներ պարունակող խնդիրների համար։ Կորպորացիաները ծախսում են մեծ գումարներ ինովացիաների համար ուղղություններ բացահայտելու նպատակով՝ չլուծված խնդիրներ, պահանջներ։

Եվ ՊՄԳ-ները, համապատասխանաբար, նոր դաշտ են բացում մասնավորի կողմից ծնվող գաղափարները հանրային ծառայությունների ոլորտում կիրառելու համար։

ՊՄԳ-ն պետք է ունենա հետևյալ չափանիշները՝

  • ՊՄԳ պայմանագրի համաձայն ունենա առնվազն հինգ տարվա տևողություն,
  • միտված լինի հանրային ենթակառուցվածքի կառուցմանը և (կամ) բարելավմանը և շահագործմանը,
  • ապահովի հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև ռիսկերի բաշխում,
  • ապահովի երկրի համար տնտեսական շահութաբերություն, այսինքն տվյալ ծրագրի ուղղակի եւ անուղղակի օգուտները կգերազանցեն ծախսերը։ Այստեղ անուղղակի օգուտների կամ ծախսերի մասին խոսելիս պետք է շատ լայն նայենք, օրինակ, ճանապարհի կառուցումը թույլ կտա տվյալ տարածաշրջանի գյուղմթերք արտադրողներին իրացնել իրենց ապրանքը և իրենք կավելացնեն արտադրողականությունը: Կամ նոր մետրո կայանի կառուցումը բերելու է ժամանակային ծախսերի կրճատմանը տվյալ թաղամասի բնակիչների համար։
  • համապատասխանի հանրային ներդրումների կառավարման քաղաքականությամբ սահմանված գերակայություններին,
  • լինի ֆիսկալ առումով մատչելի,
  • ունենա դրական ՓդԱ, արդյոք ՊՄԳ ձևաչափն առավել մեծ զուտ օգուտներ կապահովի, քան նմանատիպ, պատշաճ կազ­մակերպված պետական գնումների ձևաչափով իրականացվող ծրա­գի­րը:

ՊՄԳ ծրագիր կարող է իրականացվել հետևյալ ոլորտներում.

  • էներգետիկայի բնագավառ,
  • ջրային ոլորտ (ջրի մատակարարման, մաքրման, բաշխման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) և ոռոգման համակարգեր),
  • ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, մետրոյի համա­կար­գեր, ավտոկայաններ, օդանավակայաններ,
  • կոշտ թափոնների հավաքում, վերամշակում և հեռացում,
  • փոստային ծառայություններ,
  • առողջապահություն,
  • կրթություն:

ՊՄԳ-ն կարող է լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր հանդիսանալ ծրագիրը իրագործելու համար, սակայն դա չի նշանակելու պետական բյուջեի համար բեռի կրճատում, ավելի շատ ժամանակի մեջ ծախսերը բաշխելու հնարավորություն։ Մասնավորը իր վրա է վերցնում ծրագրի կապիտալ բյուջեն՝ ակնկալելով ներդրումների հետգնում և շահույթի որևէ մակարդակ։ Իսկ Պետության դերը ծրագրի նախագծման փուլում սահմանել շահութաբերության խելամիտ մակարդակ։ Երբ հանրային ներդրումները հետաձգվում են՝ պետական պարտքի կառավարման նկատառումներից ելնելով մասնավորի ներդրումներն են, որ կարող են արագացնել ծրագրերի իրականացումը, ինչը իր հերթին տնտեսական ակտիվություն կավելացնի և ծրագրի անուղղակի օգուտները կնպաստեն երկրի տնտեսական աճին։

Կարող են լինել ծրագրեր, որոնք կֆինանսավորվեն ամբողջությամբ պետական բյուջեից, ինչպիսիք են հիվանդանոցները, կամ կրթական ծրագրերը, իսկ որոշները կարող են ներառել վերջնական սպառողների կողմից վճարներ, ինչպես օրինակ՝ վճարովի ավտոճանապարհները, կամ ջրամատակարարումը։ Կիրառվում են նաև հասանելիության վճարներ, երբ մասնավոր գործընկերը ստանում է բյուջեից վճարումներ ենթակառուցվածքը պատշաճ վիճակում ապահովելու համար։

Այսպիսով, ինչպես արդեն խոսվեց, ՊՄԳ-ների դրական օգուտները քաղելու և միաժամանակ պետության համար լրացուցիչ ռիսկեր չստեղծելու ճանապարհը օրենսդրական դաշտի մշակումն է եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, ինչի արդյունքում պետությունը կկարողանա ընտրել, գնահատել, իրականացնել եւ կառավարել ՊՄԳ ծրագրերը։

Դիտեք նաև՝

Search