Մասնագիտական կրթությունը և ուսուցումը Հայաստանում | Նորիկ Թունյան

Միջին մասնագիտական կրթությունը և ուսուցումն ամենաընդհանրական իմաստով հանդիսանում է կրթության երկրորդ օղակը, որը գտնվում է հանրակրթության և բարձրագույն կրթության մեջտեղում: Հայաստանում միջին մասնագիտական և արհեստագործական կրթություն իրականացնող հիմնական հաստատություններն են քոլեջներն ու ուսումնարանները: Հայաստանում գործում են 130-ից ավելի քոլեջներ և ուսումնարաններ, որոց թվում կան ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հաստատություններ:  Նաև կան մի քանի այլ պետական հաստատություններ, որոնք չնայած քոլեջի կամ ուսումնարանի կարգավիճակ չունեն, կարող են մասնագիտական և արհեստագործական ուսուցում կազմակերպել:

Միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերի համար ՀՀ կառավարությունն ունի հաստատած մասնագիտությունների և որակավորումների ցանկ, որի համաձայն կրթություն կարելի է տրամադրել 114 մասնագիտությունների՝ 293 որակավորումներին համապատասխան: Այս մասնագիտություններին և որակավորումներին համապատասխան կրթություն կազմակերպելու ակադեմիական հիմքը հանդիսանում են կրթական չափորոշիչներն իրենց մոդուլներով: Ամեն մասնագիտության համար կրթական չափորոշիչ մշակվում է համապատասխան մասնագիտական աշխատանքային խմբի կողմից:

Ինչպես նշեցի, Հայաստանում միջին մասնագիտական և արհեստագործական կրթություն իրականացնող հաստատություններն են քոլեջներն ու ուսումնարանները, որոնք, որպես կրթական հաստատություններ, իրենց գործունեության մեջ ունեն և նմանություններ, և տարբերություններ: Երկու հաստատությունների համար էլ գործունեության իրավական հենքը օրինակելի կանոնադրությունն է, համաձայն որի քոլեջները կարող են իրականացնել և արհեստագործական կրթական ծրագրեր, և միջին մասնագիտական կրթական ծրագրեր: Իսկ ուսումնարանները կարող են իրականացնել և հանրակրթական, և արհեստագործական կրթական ծրագրեր:

ՄԿՈւ ոլորտի հաստատությունների բյուջեները ձևավորվում են մի քանի աղբյուրներից: Դրանք են պետության կողմից ստացված ֆինանսավորումը կապիտալ ծախսերի համար, պետության կողմից ստացված ֆինանսավորումը պետպատվերով ուսումնական տեղերի համար, ինչպես նաև ուսանողների ուսման վճարները և հաստատության արտաբյուջեի հնարավոր միջոցները: Հարկ է նշել, որ և քոլեջները, և ուսումնարանները կարող են օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել և ձևավորել արտաբյուջե:

Ներկայումս Հայաստանում միջին մասնագիտական կրթությունն ու արհեստագործական կրթությունը մեծ մասայականություն չի վայելում, ինչը պայմանավորված է մարդկանց լայն շրջանակներում տիրող որոշակի կարծրատիպային մտածողության փաստով: Այս պարագայում կարծրատիպային մտածողությունը առաջացնում է ՄԿՈւ ոլորտի համար այն ոչ բարենպաստ կարծիքը, որ համեմատ բարձրագույն կրթության՝ միջին մասնագիտական կամ արհեստագործական կրթությունը ավելի թույլ հեռանկարայնություն ունեցող այլընտրանք է: Այստեղ ավելի թույլ հեռանկարայնություն ասվածը հասարակության աչքերում հիմնականում պայմանավորվում է հնարավոր աշխատավարձի քիչ լինելով կամ աշխատանքային կարիերայում աճի հնարավորությունների սակավությամբ:  Սրանք, բնականաբար, ճիշտ գնահատականներ չեն, քանզի յուրաքանչյուր անհատ ուսանողի պարագայում տարբեր են կրթության հնարավոր տարբերակների առավելություններն ու թերությունները: Որպես օրինակ կարելի է նշել այն, որ հայ հասարակության գերակշիռ մասը հակված է մտածելու, թե արհեստագործական կրթություն ստանալու ցանկություն ունեցող ուսանողները ինտելեկտով, կամ այսպես ասած «դասով» ավելի ցածր են այն ուսանողներից, ովքեր բարձրագույն կրթություն են ստանում: Սակայն այս տեսակ մոտեցմանը օբյեկտիվ գնահատական տալու համար հարկավոր է հիմնվել միմիայն ուսանողի անձնական նախասիրությունների և հնարավորությունների վրա: Որպեսզի արտահայտածս կարծիքն ավելի նկարագրողական լինի, բերեմ հետևյալ օրինակը: Օրինակ, Հայաստանում կան 3-ամյա արհեստագործական կրթություն ստացած լավ ոսկերիչներ, ովքեր ավելի շատ են վաստակում, քան մագիստրոսի կոչում ունեցող հաշվապահները, տնտեսագետները և այլն: Այսպիսի օրինակներ շատ կարելի է բերել: Սակայն ամենաուշագրավը մնում է այն, որ Հայաստանում միջին մասնագիտական կրթությունը և արհեստագործական կրթությունն իսկապես ունեն հանրային ուշադրության և հետաքրքրության կարիք: Այս առումով, պետության կողմից իրականացվող քայլերից թերևս կարելի է նշել պետպատվեր ուսուցման համար նախատեսված տեղերի հատկացումը: Ամեն տարի միջին մասնագիտական և արհեստագործական կրթության համար հատկացվում է մոտ 10.000 անվճար, այսինքն պետության հաշվին  ուսուցման տեղ:

Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ ջանքեր են ուղղվում ՄԿՈւ ոլորտի զարգացմանը: Գնալով ավելի մեծ թափ են ստանում ինչպես համապատասխան պետական կառույցների, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչների և միջազգային կառույցների՝ ՄԿՈւ-ին ուղղված գործունեությունը:

Դիտեք նաև՝

Search