Հետազատության իրականացման սկզբում կար հստակ պատկերացում, որ անհրաժեշտ է խոսել թե՛ այն մարդկանց հետ, ովքեր տեխնիկապես ունեն հնարավորություն վերադառնալ Արցախ, թե՛ նրանց, ում տներն արդեն գտնվում էին ադրբեջանական տիրապետության ներքո։ Ֆոկուսային խմբերի քննարկումների ընթացքում խորությամբ քննարկվել են տան սեփականության մասին հարցեր, հոգեբանական աջակցության անհրաժեշտության խնդիրը, ինչպես նաև հարցերի զգալի խումբ, որն անդրադառնում էր տեղահանված ընտանիքների՝ տարածաշրջանի հետագա զարգացումների պատկերացումներին։
Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ բավականին մեծ թվում մարդիկ կարծում են, որ կարող ենք հույս դնել Ռուսաստանի վրա, որի հիմնական պատճառը այլընտրանքների բացակայությունն էր։ Իսկ միջազգային կառույցների և կազմակերպությունների հանդեպ կար լուրջ սկեպտիցիզմ։ Քննարկումներ են ծավալվել նաև մարդկանց կարգավիճակի հետ կապված՝ արդյո՞ք նրանք փախստական են, թե՞ ներքին տեղահանված, քանի որ քաղաքական ստատուսը հստակ գործողություններ և քայլեր է ենթադրում։