Պատկերագիրքը (անգլ․՝ picture book) մանկական գրականության տեսակ է՝ 3-8 տարեկան երեխաների համար նախատեսված։ Այն արվեստի ստեղծագործության մի կրիչ է, որտեղ միմյանց հետ հարաբերվում են տեքստը և պատկերները։ Պատկերագրքի տեքստային մասը հիմնականում կարճ է, երբեմն հրատարակիչները նույնիսկ սահմանափակում են օգտագործվող բառաքանակը։ Պատկերագրքում տեքստը և պատկերը կարող են հարաբերվել երեք հիմնական ձևով՝
- Պատկերը կրկնում է այն, ինչ տեքստն է ասում։
- Պատկերը լրացնում է տեքստը՝ ստեղծագործությանը մի նոր խորություն հաղորդելով։
- Պատկերը հակասության մեջ է մտնում տեքստի հետ։
Պատկերագրքի նպատակներից է մանուկ հասակից գրականության հանդեպ սեր սերմանելը և մանկական գրականությունից մանկապատանեկանի անցումն ապահովելը։ Այն կարող է ծառայել որպես մանկավարժական կամ ծնողավարման գործիք՝ անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են վախը, կորուստը, ծնողները, հարաբերությունները։
Պատկերագրքերի շնորհիվ առաջացել է մասնագետների մի նոր խումբ՝ հեղինակ ստեղծագործողներ, որոնք և՛ գրում են, և՛ նկարազարդում։