Play Video
Թարգմանութիւն և թարգմանելիութիւն. Մարկ Նշանեան

մաս 1

…Հասկանալ, որ Բորխեսի Պիեռ Մինարի հարցը Դոն Կիխոտին ընդօրինակելը չէ բնավ: Ընդօրինակել նշանակում էր վերցնել Դոն Կիխոտին և տող առ տող այնտեղից արտագրել, ինչն այդպես չէ: Ծրագիրը հետևյալն էր՝ այն բառ առ բառ կրկնել, որ ընդօրինակում չէր նշանակում: Հասնելու համար այդտեղ Պիեռ Մենարը՝ ֆրանսիացի գրող, 20-րդ դարի, պետք է նախ իսպաներենին տիրապետեր, քանի որ հարցը նույն Դոն Կիխոտին կրկնելն է՝ բառ առ բառ, և ուրեմն նախ՝ պետք է իսպաներեն սովորած լիներ, քանի որ ֆրանսիացի գրող էր Պիեռ Մենարը, իր լեզուն չէր, պետք է սովորելուց անդին կատարելապես տիրապետեր՝ մտնելով լեզվի մեջ և տիրապետելով իսպաներենին այնպես, ինչպես Սերվանտեսը, այսինքն երեք հարյուր տարի առաջվա իսպաներենին, ոչ թե այսօրվա: Ուրեմն ինչ աշխատանք պետք է կատարած լիներ Պիեռ Մենարը. ձևով հասցնելով ծայրագույն աստիճանի նույնացման՝ պետք է ներսով ապրեր և փորձարկեր Սերվանտեսի ամեն մի բառի անհրաժեշտությունը: Գրել համոզիչ փաստարկներով և հնարավոր մյուս բոլոր տարբերակները փորձելուց հետո: Եվ ուրեմն նույնացումը բառը ճիշտ բառը չի, քանի որ Պիեռ Մենարի նպատակը Սերվանտես դառնալը չէ, Պիեռ Մենարը պետք է մնա, ասում է Բորխեսը, ինչ որ է՝ 20-րդ դարի գրող, և հասնի Դոն Կիխոտին իր իսկ փորձառությունների միջով: Վերստին ստեղծելով Դոն Կիխոտի գրվածքը 20-րդ դարում և ոչ 17-րդ դարում՝ հստակ է, որ բառ առ բառ նույն գործը չ կարող լինել բառ առ բառ նույնը, քանի որ եթե գործ եք արտադրում 20-րդ դարում, այն չի կարող 17-րդ դարի նույն գործը լինել, անգամ եթե նույն բառերն են, նույն ստորակետը բառացի և տառացի կերպով: Գործը դառնում է բացարձակ, մինչդեռ Սերվանտեի գրառումը ընդամենը պատահական էր, նույնիսկ եթե այդ պատահականությունը պատմական անհրաժեշտություն էր կրում իր մեջ…

Նովալիսի երազանքն էր, կոչենք դա հանրագիտարանային երազանք, որ է գրականությունը և բանասիրությունը դարձնել անզանազանելի: Հասնել մի տեղ, ուր գրականությունն իր մեջ պարփակում է իր բանասիրությունը, և, փոխադարձաբար, բանասիրությունը գրական գործ կարող է լինել: Փորձեք երևակայել սա, որ գրողներն ու համալսարանը ոչ թե իրարից զատ են, այլ նույնն են: Կամ լինեն գրական գործեր, որոնք լինեն իրենք իրենց մեկնաբանությունը…

մաս 2

Թարգմանել նշանակում է հանդիպել օտարությանը, իսկ ի՞նչ է նշանակում օտարի հետ հանդիպումը, որտե՞ղ ենք հանդիպում, անձնապե՞ս ենք հանդիպում, ինչպես, օրինակ, հանդիպում են կանայք, տղամարդիկ՝ օտարության մեջ ապրող, որտե՞ղ է արձանագրվում այդ հանդիպումը, ինչ տեսակի է այդ հանդիպումը, այս է հարցը:

Օտարության հետ հանդիպումը արձանագրվում է միմիայն թարգմանության ֆենոմենի միջոցով, ուր լեզուն փորձընկալում է նաև իր ամբողջականությունը, իր տարբերությունը մյուս լեզուներից, այն սահմանին, որտեղ հանդիպում է մյուս լեզուների հետ ինքն իր մեջ, և եթե լեզուն հանդիպում է մյուս լեզուների հետ, արձանագրում է ինքն իր մեջ իր ամբողջականությունը, իր տարբերությունը մյուս լեզուներից, ինչը նշանակում է, որ հանդիպում է նաև իր հնարավոր կորստի հետ…

Թարգմանել, վերջին հաշվով, նշանակում է վերապրող դարձնել այն լեզուն, որից թարգմանում են: Պիեռ Մենարի արածն այդ է: Վերապրող է դարձնում այն լեզուն, որից թարգմանել է, իսպաներենը: Ո՞վ կմտածեր, ո՞վ պիտի խորհեր երբևէ, որ իսպաներենը պետք է գրվեր որպես վերապրող լեզու և ոչ թե որպես ապրող լեզու, քանի որ կորցրած չէ, բայց, ահավասիկ, չկորցրած լեզվի պարագային ևս այնտեղ արձանագրվում է այն փորձառությունը, ինչը լեզվին դարձնում է վերապրող, այսինքն զգացնել է տալիս, որ լեզուները մեռնելու համար են ստեղծված ի վերջո, ինչպես մարդիկ, ինչպես քաղաքակրթությունները, և ուրեմն պետք է փորձարկեն իրենք իրենց մեջ իրենց հնարավոր վերջավորության կամ վերջավորության հնարավորությունը, ինչպես մենք՝ որպես վերապրող, փորձարկում ենք ամեն օր, ամեն վայրկյան մեր վերապրելիությունը, այսինքն մեր մեռած լինելը…

Դիտեք նաև՝

Search